Մայրը չի հանձնվում և վերաքննիչ բողոք է ներկայացրել երեխաներին հետ բերելու համար
Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ Հասմիկ Մանուկյանը, որին Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը զրկել էր երկու երեխաներին պահելու, խնամելու իրավունքից, չի հանձնվել այդ իրավունքի համար պայքարից և դիմել է Վերաքննիչ դատարան: Օգոստոսի 28-ին ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանում կայանալիք նիստում կլսվի Հասմիկ Մանուկյանի բողոքը: Վերաքննիչ դատարանում 30-ամյա կնոջ բողոքը կքննի դատավորների հետևյալ կազմը` Իսկուհի Վարդանյան, Ստեփան Միքայելյան, Կարինե Հակոբյան:
Ավելի վաղ Panorama.am-ն անդրադարձել էր այս պատմությանը. 30-ամյա կինը Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի բնակիչ Կարեն Մանուկյանի հետ ամուսնացել է, երբ 18 տարեկան էր: Պատմում է` ամուսնական կյանքը հարթ չի եղել, ամուսինը ծեծել է, իսկ սկեսուրն էլ անընդհատ պահանջել աշխատել, «տունը փող բերել»:
Երկար տարիներ ամուսնու ու նրա ընտանիքի հետ ապրելուց հետո նրանցից հեռացել է մեկ տարի առաջ. ասում է` «Հանեցին, տնից դուրս վռնդեցին»:
Երկու երեխաները երբեմնի ամուսինների միջև դարձել են կռվախնձոր: Կարեն Մանուկյանը դիմել է դատարան, և Արարատի ու Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանն էլ որոշել է երեխաներին` 8-ամյա Անդրանիկին ու 11-ամյա Անգինին հանձնել հոր խնամակալությանը:
Դատական տեղեկատվական համակարգում տեղադրված վճռից տեղեկանում ենք, որ Կարեն Մանուկյանն իր ներկայացրած հայցով դատարանին հայտնել է, որ ցանկանում է զբաղվել իր երկու երեխաների խնամքով ու դաստիարակությամբ, իսկ ծնողներն իրեն այդ հարցում կօգնեն: Տեղեկացրել է, որ ունի բնակարան, որի համասեփականատերերն են նաև ծնողները և եղբայրը, ունի սեփական հող, զբաղվում է անասնապահությամբ, երեխաներին կարող է տալ նրանց անհրաժեշտ կենսապայմանները: Իր հերթին հակընդդեմ հայց ներկայացրած նախկին կինը` Հասմիկ Մանուկյանը դատարանին հայտնել է, որ իր ընտանիքում հաճախակի են եղել վեճեր և անախորժություններ, նաև նշել է, որ 2007-ին Ռուսաստանից վերադարձել է ամուսնու եղբայրը, իսկ 2009-ին հայրական տուն է վերադարձել ամուսնու ամուսնալուծված քույրը, երկու երեխաների հետ: Նրա պատմելով, բազմանդամ ընտանիքում հաճախակի են դարձել վեճերն ու անախորժությունները կապված ապրելու վատ պայմանների հետ. ամուսինը զբաղվել է անասնապահությամբ, իսկ ինքը աշխատել է հացի արտադրամասում, որպես բանվոր:
Հետագայում ամուսինը սկսել է իրեն մեղադրել անհավատարմության մեջ, իր դեմ է տրամադրել երեխաներին: Հասմիկը դատարանին նաև պատմել է, որ 2013-ի հուլիսի 16-ին, հերթական վեճից հետո, դստեր հետ հեռացել է նախկին ամուսնու տնից, որդուն իր հետ չի տարել, քանի որ նա տանը չի եղել: Ասել է նաև, որ մի քանի օր անց փորձել է որդուն իր հետ տանել, սակայն Կարենի ընտանիքի անդամներն իրեն դուրս են վռնդել տնից:
Դատարանի վճռին կցված է նաև երկու համայնքների` Տափերական ու Փոքր Վեդի գյուղերի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովներիի միանգամայն տարբեր եզրակացությունները: Այսպես, Արարատի մարզի Տափերական համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի եզրակացության համաձայն, Հասմիկ Մանուկյանը երեխաների խնամքի համար ունի բոլոր անհրաժեշտ պայմանները, երեխաներն ունեն առանձին ննջարան, ինչպես նաև առանձին դասասենյակ: Իսկ ահա Արարատի մարզի Փոքր-Վեդի համայնքի (այս գյուղում է ապրում Կարեն Մանուկյանը-հեղ.) խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի եզրակացության համաձայն, Հասմիկ Մանուկյանը չունի իր անվամբ գրանցված սեփականություն, ներկայումս բնակվում է մորական տատի տանը, բնակարանի կոմունալ պայմաններն անբավարար են: Հանձնաժողովն այցելել է նաև Կարեն Մանուկյանին, ով բնակվում է Փոքր-Վեդի համայնքում, ծնողների և եղբոր ընտանիքի հետ համատեղ, բնակելի տան համասեփականատեր է, զբաղվում է հողագործությամբ, որդու` Անդարանիկ Մանուկյանի խնամքով ու դաստիարակությամբ զբաղվում են հայրը` Կարեն Մանուկյանը, տատը և պապը: Ըստ նույն եզրակացության, Կարեն Մանուկյանի բնակարանում կան բոլոր անհրաժեշտ պայմանները երեխայի բնակության համար, երեխան ունի առանձին սենյակ, վերջինս նորմալ հաճախում է դպրոց:
Հանձանժողովը հանգել է այն եզրակացության, որ երեխաներից Անգին Մանուկյանի խնամքն ու դաստիարակությունը պետք է հանձնել մորը` Հասմիկ Մանուկյանին, իսկ որդու` Անդրանիկ Մանուկյանի խնամքն ու դաստիարակությունը` հորը` Կարեն Մանուկյանին:
Դատարանն էլ ուսումնասիրելով խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների կողմից տրված եզրակացությունները, գտել է, որ երեխաների խնամքն ու դաստիարակությունը պետք է հանձնել հայցվոր Կարեն Մանուկյանին, ինչպես նաև երեխաների բնակության վայրը որոշել հոր` Կարեն Մանուկյանի մոտ:
Դատարանը նման եզրահանգման է եկել հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հասմիկ Մանուկյանը չունի իր սեփական բնակարանը:
Թեպետ նկատենք, որ Panorama.am-ի հետ զրույցում Հասմիկն ասել էր, որ տատիկը Վեդի քաղաքի իր տունը ժառանգել է իրեն, ինչը դատարանն անտեսել էր:
Դատարանը գտել է, որ նման պայմաններում նպատակահարմար չէ առանձնացնել երեխաներին միմյանցից, իսկ Կարեն Մանուկյանի մոտ բնակվելով էլ ավելի ապահովված կլինեն նրանց կենսական պայմանները, ուստի նրա ներկայացրած հայցը բավարարել է, իսկ Հասմիկ Մանուկյանի հակընդդեմ հայցը մերժել:
Այժմ, Վերաքննիչ քաղաքացիական դատարանում նիստին ընդառաջ բողոք ներկայացրած կողմը հույս ունի, որ դատավորները կսրբագրեն «առաջին ատյանի դատարանի սխալը» և երեխաներին կհանձնեն մոր խնամակալությանը:
Նախորդող հրապարակում`
Դատարանը որոշել է երեխաներին վերցնել մորից ու հանձնել հորը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները