Խաչիկյանի գործ. «Հույս ունենք դատախազները կհրաժարվեն մեղադրանքից»
Սոցիալական ոլորտում խոշոր չարաշահումների վերաբերյալ «Խաչիկյանի» գործով աղմկահարույց դատաքննության փուլն ավարտվել է: Սեպտեմբերի 25-ին դատախազները մեղադրական ճառով են հանդես գալու: Panorama.am-ի հետ զրույցում ասաց այս գործով ամբաստանյալ Աշոտ Աբրահամյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը:
«Դատաքննական փուլը գնահատում եմ շատ վատ: Խնդիրն այն է, որ նույնը գործը երկու դատավոր է քննել: Հետևաբար, այս երկրորդ դատավորը, որն ավարտում է դատաքննությունը, չի կարող օբյեկտիվ դատական ակտ կայացնել, քանի որ, ըստ էության, ինքը չի քննել գործը: Ինչպես կարող է լինել օբյեկտիվ, եթե ինքը չի ապացույցները հետազոտել, քննել»,- ասաց փաստաբանը:
Ի դեպ, Լ. Սիմոնյանն ասաց, որ մեղադրանքի մեջ տպագրան սխալ է եղել գումարի հետ կապված. «Սակայն դա նոր մեղադրանք չէ իր պաշտպանյալին, այլ տպագրան սխալ է եղել»:
Նա հույս հայտնեց, որ դատախազները կհարժարվեն իր պաշտպանյալին ներկայացված մեղադրանքից:
Ըստ մեղադրական եզրակացության Աշոտ Աբրահամյանը1999 թվականից աշխատելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության կենսաթոշակային ապահովության և առանձին ծրագրերի վարչության պետի պաշտոնում, հանդիսանալով մշտապես կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ և օժտված լինելով ծառայության կանոնադրությամբ, հիշյալ վարչության կանոնակարգով նախատեսված գործառույթները կառավարելու, ինչպես նաև կենսաթոշակի կասեցված /դեպոնենտ/ վճարումը վերսկսելու և կենսաթոշակի կուտակված գումարները վճարելու հիմք հանդիսացող դիմումներն ընդունելու լիազորություններով, 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում օգտագործելով իր պաշտոնեական դիրքը՝ Վազգեն Խաչիկյանի և մյուսների հետ կազմակերպված խմբով պետությունից յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերի` 260.956.681 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք:
Հիշեցնենք, որ Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայությունում հայտնաբերված չարաշահումների առթիվ դեռ 2011թ. մայիսի 16-ին Գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել, իսկ մայիսի 20-ին գործը փոխանցվել է ոստիկանություն: Քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավվել է 53 հոգի և նրանցից 13-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը:
Ըստ մեղադրանքի` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը, ծառայության մի շարք պաշտոնատար և պատասխանատու անձանց հետ, կազմակերպված խմբով, 2006-2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը յուրացրել են ընդհանուր առմամբ ՝ 260 մլն 956 հազար 681 դրամի կենսաթոշակ։ Բացի այդ, ըստ մեղադրանքի՝ Վազգեն Խաչիկյանը խարդախությամբ հափշտակել է պետական բյուջեի վերականգնմանը ենթակա 29 մլն ՀՀ դրամ գումար:
Նախորդող հրապարակումներ՝
Խաչիկյանը պնդում է, որ մեղավոր չէ
Խաչիկյանի գործ. Դատարանը չընդունեց աննախադեպ գրավը
Խաչիկյանն իր ծննդյան օրն անցկացնում է դատարանում
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում