«Անհերքելի ապացույցներ ունենք, որ Սուրիկ Խաչատրյանն ավտոմեքենայում հարվածներ հասցրել է Ավետիք Բուդաղյանին». Փաստաբան
ՀՀ Զինված ուժերի գնդապետ Արտակ Բուդաղյանի գործով Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատարյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել, քանի որ քննիչը նաև համարել է, որ նա ավտոմեքենայում հարվածներ չի հասցրել Ավետիք Բուղաղյանին, չի մասնացել ծեծին: Այս որոշումը Բուդաղյանների պաշտպան, Փաստաբանների պալատի փաստաբան Հայկ Ալումյանը բողոքարկել էր: Առաջին ատյանի դատարանը մերժել էր բողոքը: Վերաքննիչ դատարանը նախօրեին այդ բողոքը նույնպես մերժել է: Panorama.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայկ Ալումյանը: Նա նշեց, որ սպասում են որոշմանը, որպեսզի այդ մասով բողոք ներկայացնեն Վճռաբեկ դատարան:
«Մենք անհերքելի ապացույցներ ունենք, որ Սուրիկ Խաչատրյանն ավտոմեքենայում հարվածներ է հասցրել Ավետիք Բուդաղյանին»,- ասաց փաստաբանը:
Նշենք, որ այսօր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է Արտակ Բուդաղյանի գործով դատական հերթական նիստը: Նախատեսված էր, որ այսօր դատարան պետք է ներկայանար Սուրիկ Խաչատրյանի կինը՝ Լորետա Բարսեղյանը, ու հարցաքննվեր: Նա դատական նիստին չէր ներկայացել հիվանդ լինելու պատճառով։ Հայկ Ալումյանի խոսքով, որոշում է կայացվել հաջորդ նիստն անցկացնել Գորիսում, որպեսզի Լորետա Բարսեղյանը կարողանա մասնակցել:
Այսօր դատարանը հետազոտել է Սուրիկ Խաչատրյանի տան տեսախցիկների ձայնագրությունը։
Ըստ մեղադրական եզրակացության, Արտակ Բուդաղյանն իր եղբայր Ավետիք Բուդաղյանից տեղեկանալով, որ 01.06.2013 թ ժամը 22-ի սահմաններում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում իրեն ծեծի են ենթարկել, նպատակ ունենալով վախեցնել Սուրիկ Խաչատրյանին և նրա ընտանիքի անդամներին, նրանց մոտ առաջացնել տագնապի, սեփական անվտանգության համար անհանգստության զգացում, նույն օրը` ժամը 23-ի սահմաններում, ՎԱԶ 2106 մակնիշի 30 SU 994 պետհամարանիշի ավտոմեքենայով գնացել է Գորիս քաղաքի Դավիթ-Բեկ փողոցում գտնվող` Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ, իր հետ նախապես վերցված, իր անվամբ գրանցված որսորդական հրացանը ձեռքին իջնելով ավտոմեքենայից, սպանության սպառնալիքներ է տվել Սուրեն Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին:
ՊՆ քննչական ծառայության որոշմամբ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական գործը կարճվել էր անհրաժեշտ պաշտպանության հիմքով, իսկ քրեական հետապնդումը դադարեցվել:
Բուդաղյանների պաշտպան, Փաստաբանների պալատի փաստաբան Հայկ Ալումյանը ՊՆ քննչական ծառայության քննիչի այս որոշումը վերացնելու մասին միջնորդություն էր ներկայացրել դատախազություն, սակայն այն մերժվել էր: Դրանից հետո միայն որոշվեց այն բողոքարկել դատարանում:
Արտակ Բուդաղյանը հրաժարվել է իր նկատմամբ տարածվող համաներում հայտարարելու մասին 2013-ին ԱԺ ընդունած որոշումը կիրառելուց և հայտարարել, որ պետք է գործը հասնի դատարան:
Նախորդող հրապարակումներ՝
Արտակ Բուդաղյանը նպատակ է ունեցել վախեցնել Սուրիկ Խաչատրյանին. Մեղադրական
Արտակ Բուդաղյանը պնդել ու պնդում է, որ եղել է կրակոց նաև Սուրիկ Խաչատրյանի դղյակից. Փաստաբանի բացահայտումը (տեսանյութ)
«Սուրիկ Խաչատրյանի որդու մեզի ու մազի մեջ թմրանյութեր են եղել».ՊՆ քննչական ծառայությունը հերքում է Ալումյանի հայտարարությունները
Ավետիք Բուդաղյանը եղել է հաշտարարի դերում և ագրեսիա չի ցուցաբերել, բայց իր վրա կրակել են. Փաստաբանի բացահայտումը