Լյուքս Ստեփանյանին սպանելու համար դատապարված Դ. Խաչատրյանը ուզում է միայն իր արածի համար պատժվել
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում շարունակվեց Նոյեմբերյանի զորամասում նախորդ տարի մահացած զինծառայող Լյուքս Ստեփանյանի գործով մեղադրյալ Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանի կողմից ներկայացված բողոքի լսումը:
Փաստաբանը նշեց, որ Դավիթ Խաչատրյանի արարքը սխալ գնահատականի է արժանացել. «Գործում առկա են ցուցմունքներ և հանգամանքներ, որոնք վկայում են, որ Դավիթը սպանելու դիտավորություն չի ունեցել»:
Նա մի քանի ցուցմունքներից մեջբերումներ արեց. «Դավիթը կրակելուց հետո ահասարսուռ լացում էր, ձեռքերը ծնկներին էր խփում, թե էս ի՞նչ արեցի,…: Բացի այդ՝ դեպքի ականատես անձինք վկայում են, որ Խաչատրյանը դիտավորյալ չի կրակել: Դավիթ Խաչատրյանը և Լյուքս Ստեփանյանը մտերիմ ընկեներ են եղել, ինչպես նաև Դավիթ Խաչատրյանը մտերիմ է եղել տուժող Հրաչյա Սարգսյանի հետ»:
Նշենք, որ առաջինը հրազենային վնասվածք ստացել է Հրաչյան, այնուհետև գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից տեղում մահացել է Լ. Ստեփանյանը:
Երեմ Սարգսյանը նշեց, որ Դ. Խաչատրյանի արարքը պետք է որակել ոչ թե դիտավորյալ սպանություն, ինչպես որ որակել է առաջին ատյանի դատարանը, այլ որպես զենքի հետ վարվելու կանոների խախտում:
Հիշեցնենք, որ ըստ նախաքննության տվյալների, 2013-ի մայիսի 15-ին զորամասի 1-ին պահակախմբի մուտքի դիտորդ, նույն զորամասի ԿՍ-19 ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Խաչատրյանը վիճաբանության մեջ էր մտել պահակախմբում ընդգրկված ԿՍ-19 ՀԴՆ-ի ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանի հետ, որի ժամանակ շարքային Դ. Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակել է շարքային Լ. Ստեփանյանի ուղղությամբ: Արդյունքում վերջինս գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից տեղում մահացել էր, իսկ նույն ՀԴՆ-ի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Սարգսյանը գլխի շրջանում ստացել էր հրազենային վնասվածք:
Խաչատրյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի միանգամից երկու հոդվածներով` ՀՀ քր. օր-ի 104 հոդ-ի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով՝ «սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով» և ՀՀ Քր. Օր.-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը»:
Այս տարվա հուլիսի 4-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճռով Նոյեմբերյանի զորամասում նախորդ տարի մահացած զինծառայող Լյուքս Ստեփանյանի գործով մեղադրյալ 20-ամյա Դավիթ Խաչատրյանը դատապարտվել 17 տարի ազատազրկման: Դ. Խաչատրյանն իր վերջին խոսքում ասել էր, որ ճակատագիրն արդեն պատժել է իրեն՝ կործանելով իր ընկեր Լյուքսի կյանքը, մյուս ընկեր` Հրաչյա Սարգսյանի առողջությունը ու խնդրել իրեն պատիժ նշանակելիս առաջնորդվել օրենքով:
Այսօր դատարանում Դավիթ Խաչատրյանը հայտարարեց, որ իրեն հետաքրքիր չէ, թե իրեն որքան կդատապարտեն. «Ուզում եմ, որ իմ արածի համար ինձ պատժեն, ոչ թե իմ չարածի»:
Պատասխանելով հարցին, թե՝ «կատա՞կ եք համարում տուժողի արտահայտությունը՝ եթե չկրակեք, ապա… , չեմ ուզում ասել, որովհետև շատ լկտի արտահայտություն է: Դուք դա կատա՞կ ընդունեցիք, թե՞ վիրավորանք: Յուրաքանչյուր լուրջ անձնավորություն այդ հայհոյանքը պետք է ընդունի շատ խիստ վիրավորական». Դ. Խաչատրյանն ասաց. «Ցակացած անծանոթ մարդ, եթե նման արտահայտություն անի, ամեն ինչ կանեմ նրա հետ: Եթե իմ ընկերն ինձ տենց բան ասի, իրեն ոչ մի բան չի լինի»:
«Չէիր կարո՞ղ կատակ անել առանց ծանր հետևանքների նախադրյալ ստեղծելու» հարցին ի պատասխան, ասա. «Եթե մարդն իր վրա վստահ է, որ նման գործողություն, արարք չի անելու»:
Դատարանը հաջորդ՝ սեպտեմբերի 30-ին կայանալիք նիստում լսելում է Հրաչյա Սարգսյանին: Նա առաջին ատյանի դատարանում առողջական խնդրի պատճառով չէր ներկայացել հարցաքննության, իսկ նախորդ նիստին ցանկություն էր հայտնել վկայություն տալ: Այսօր նա ներկա չէր նիստին:
Նախորդող հրապարակումներ՝
Լյուքս Ստեփանյանի գործով ամբաստանյալը դատապարտվեց 17 տարի ազատազրկման
Լյուքս Ստեփանյանի սպանության գործով նախաքննության արդյունքները գոհացրել են գլխավոր դատախազին
Երբեք մի ասեք` երբե՛ք. Փաստաբան Երեմ Սարգսյանը պատասխանում է գլխավոր դատախազին
Սեյրան Օհանյա՞նն է կայացրել Լյուքս Ստեփանյանի գործով դատավճիռը. Պաշտպանական ճառ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները