Փաստաբան Հայկ Ալումյանը դեռևս որոշում չի կայացրել առաջիկա դատավարությանը մասնակցելու վերաբերյալ
«Իմ նպատակն է հասնել արդար դատավճռի, սակայն նման պայմաններում շատ ավելի դժվար կլինի, քան անաչառ դատարանի դեպքում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Բուդաղյանների պաշտպան, Փաստաբանների պալատի փաստաբան Հայկ Ալումյանը: Ըստ նրա, գործով դատավոր Նապոլեոն Օհանյանը չի կարող անկաշկանդ լինել այս գործի քննության ընթացքում. «Ընդհանրապես, Սյունիքի մարզում բնակվող ցանկացած դատավոր այս գործով չի կարող օբյեկտիվ, անաչառ լինել»:
Նշենք, որ հոկտեմբերի 2-ին ՀՀ Զինված ուժերի գնդապետ Արտակ Բուդաղյանի գործով կայացած դատական նիստի ընթացքում փաստաբան Հ. Ալումյանը դատավոր Ն. Օհանյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն էր ներկայացրել, սակայն մերժվել էր:
Պաշտպան Հայկ Ալումյանն ինքնաբացարկի իր միջնորդության մեջ նշել էր, որ դատավորը չի կարող մասնակցել տվյալ գործով վարույթին, քանի որ չի կարող անաչառ լինել, որովհետև ապրում և աշխատում է Սյունիքի մարզում, որտեղ մարզպետ է նշանակվել սույն գործով տուժող ճանաչված Լորետա Բարսեղյանի ամուսինը` Սուրիկ Խաչատրյանը:
Լինելով Սյունիքի մարզի բնակիչ` դատավորը որևէ կերպ չի կարող խուսափել այնպիսի իրավիճակներից, երբ նրա համար կարևորություն ներկայացնող որևէ հարցի լուծումը կախված լինի մարզպետից կամ մարզպետարանից: Բացի այդ, իր պաշտոնը ստանձնելիս Սուրիկ Խաչատրյանը հայտարարել է. «Ես հաջողություն եմ ցանկանում և ես շնորհակալ եմ ձեզանից բոլորից, շնորհակալ եմ մեր մարզի այն չորս կարևոր սյուներից` իսկ դա մեր կայազորի հրամանատարն ա, ազգային անվտանգության ծառայության պետն ա, դատախազն ա, դատարանի նախագահն ա, ոստիկանապետն ա, և իրենց ամբողջ համակարգով, որ կարողացել ենք էս տարիների ընթացքում համագործակցել միասնական ի շահ Սյունիքի և իր շահ մեր պետության, անել էն ամենը ինչ որ մեր առջև է դրված, համոզված եմ, որ սրանից հետո ավելի բարձր տեմպերով և ավելի միասնական ուժերով մենք մեր խնդիրը կլուծենք»: Այսինքն` ելույթից կարելի է հասկանալ, որ «դատարանի նախագահ» և «իր համակարգ» ասելով, Սուրիկ Խաչատրյանը նկատի է ունեցել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին և մյուս դատավորներին, այդ թվում նաև դատավոր Նապոլեոն Օհանյանին»:
«Գտնում եմ, որ նման պայմաններում դատավորը չի կարող գործով անաչառ որոշում կայացնել կամ, առնվազն, անկողմնակալ դիտորդին կարող է թվալ, որ դատավորը ի վիճակի չի տրված գործով արդարացի որոշում կայացնել, ինչը պարտականություն է դնում` ինքնաբացարկ հայտնել»,- իր միջնորդության մեջ ասել էր Հ. Ալումյանը (միջնորդության մանրամասները՝ Դատական տեղեկատվական համակարգից):
Այնուհետև Հայկ Ալումյանը հեռացել էր նիստերի դահլիճից: Դատական նիստը հեձագվել է մինչև հոկտեմբերի 7-ը:
Պատասխանելով մեր հարցին, թե արդյո՞ք մասնակցելու է առաջիկա դատավարությանը, Հ. Ալումյանը պատասխանեց. «Դեռ պետք է քննարկենք Արտակ Բուդաղյանի հետ: Կքննարկենք, կորոշենք առաջիկայում մեր անելիքների մասին, այդ թվում նաև առաջիկա դատավարության մասնակցության հարցը՝ արդյոք կշարունակե՞մ մասնակցել դատավարություններին»:
Ըստ մեղադրական եզրակացության, Արտակ Բուդաղյանն իր եղբայր Ավետիք Բուդաղյանից տեղեկանալով, որ 01.06.2013թ ժամը 22-ի սահմաններում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում իրեն ծեծի են ենթարկել, նպատակ ունենալով վախեցնել Սուրիկ Խաչատրյանին և նրա ընտանիքի անդամներին, նրանց մոտ առաջացնել տագնապի, սեփական անվտանգության համար անհանգստության զգացում, նույն օրը` ժամը 23-ի սահմաններում, ՎԱԶ 2106 մակնիշի 30 SU 994 պետհամարանիշի ավտոմեքենայով գնացել է Գորիս քաղաքի Դավիթ-Բեկ փողոցում գտնվող` Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ, իր հետ նախապես վերցված, իր անվամբ գրանցված որսորդական հրացանը ձեռքին իջնելով ավտոմեքենայից, սպանության սպառնալիքներ է տվել Սուրեն Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին: ՊՆ քննչական ծառայության որոշմամբ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական գործը կարճվել էր անհրաժեշտ պաշտպանության հիմքով, իսկ քրեական հետապնդումը դադարեցվել:Արտակ Բուդաղյանը հրաժարվել է իր նկատմամբ տարածվող համաներում հայտարարելու մասին 2013-ին ԱԺ ընդունած որոշումը կիրառելուց և հայտարարել, որ պետք է գործը հասնի դատարան:
Նախորդող հրապարակումներ՝
Սուրիկ Խաչատրյանի տան տեսախցիկներից մեկը նաև ձայն է գրել. Փաստաբանի բացահայտումները
«Անհերքելի ապացույցներ ունենք, որ Սուրիկ Խաչատրյանն ավտոմեքենայում հարվածներ հասցրել է Ավետիք Բուդաղյանին». Փաստաբան
Արտակ Բուդաղյանը նպատակ է ունեցել վախեցնել Սուրիկ Խաչատրյանին. Մեղադրական
Արտակ Բուդաղյանը պնդել ու պնդում է, որ եղել է կրակոց նաև Սուրիկ Խաչատրյանի դղյակից. Փաստաբանի բացահայտումը (տեսանյութ)
«Սուրիկ Խաչատրյանի որդու մեզի ու մազի մեջ թմրանյութեր են եղել».ՊՆ քննչական ծառայությունը հերքում է Ալումյանի հայտարարությունները
Ավետիք Բուդաղյանը եղել է հաշտարարի դերում և ագրեսիա չի ցուցաբերել, բայց իր վրա կրակել են. Փաստաբանի բացահայտումը