ՍԴ նախագահ. Պետության, իշխանության առաջնահերթ պարտականությունն է մարդու արժանապատվությունը հարգելն ու պաշտպանելը
Երևանյան 19-րդ խորհրդաժողովի թեման՝ «Մարդու իրավունքների արժանապատվության սահմանադրական կարգավիճակը», ընտրվել է Վենետիկի հանձնաժողովի հետ քննարկումների արդյունքում՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ: Խորհրդաժողովի բացման ժամանակ ասաց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:
Նա համոզված է, որ քննարկման առարկան հետաքրքրություն է ներկայացնում բոլորի համար:
«Բոլոր մարդիկ ծնվում են ազատ և հավասար իրենց արժանապատվությամբ և իրավունքներով: Էականը միայն այն չէ, որ արժանապատվությունը մարդու սոցիալ-մշակութային էության գերագույն բնութագրիչն է, այլև այն, որ առանց համարժեք իրավունքների, դրանց իրացման երաշխիք հանդիսացող ազատությունների ճանաչման, երաշխավորման, ապահովման ու պաշտպանության, մարդու արժանապատվության որակները դրսևորվել չեն կարող»,- ասաց ՍԴ նախագահը:
Գ. Հարությունյանը նշեց, որ հստակեցման անհրաժեշտություն ունեն ոչ միայն մարդու արժանապատվություն, անձի արժանապատվություն, ժողովրդի արժանապատվություն և համարժեք այլ հասկացություններ, այլև տարբեր ընկալումներ են առկա մարդու արժանապատվության ծավալի ու ընդգրկման, այն որպես իրավունքի աղբյուր դիտարկման, դրա արժևորման ու իրացման աստիճանին առնչվող հարցերում:
ՍԴ նախագահի խոսքով, վերոնշյալ հարցերը հրատապ են դարձնում քննարկման թեման. «Տարբեր երկրների Սահմանադրությունների համեմատական վերլուծությունը վկայում է, որ անձի արժանապատվություն եզրույթը սահմանադրաիրավական մակարդակում մի կողմից ներկայացվում է որպես սահմանադրական սկզբունք, իրավունքների և ազատությունների աղբյուր, բոլոր իրավունքների հիմք, մյուս կողմից՝ ընդհուպ որպես մարդու առանձին իրավունք»:
Ըստ նրա, անառարկելի է՝ մարդու արժանապատվությունը մարդու էությունից բխող և նրանից անբաժանելի բնական որակ է, պետության և ամեն մի իշխանության առաջնահերթ պարտականությունն է մարդու արժանապատվության հարգումն ու պաշտպանությունը: