Ադրբեջանցի դիվերսանտի հակասական ցուցմունքները
ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի գործով դատական այսօրվա նիստի ընթացքում դատավոր Անատոլի Թադևոսյանը հրապարակել է նախաքննության ընթացքում ամբաստանյալ Դ. Ասկերովի տված ցուցմունքները:
Արցախպրեսս-ի տեղեկացմամբ, ըստ այդ ցուցմունքների, Ասկերովը հայտնել էր, թե ԼՂՀ սահմանը հատել են ոչ թե 3 այլ 4 հոգանոց խմբով, իսկ Սմբատ Ցականյանին սպանել և Շահումյանի շրջանում մի շարք գողություններ է կատարել ոմն Դիման, այնուհետև նա հավելել է, որ Դիմա անվան տակ հանդես է եկել Գուլիևը։ Դատաքննության ժամանակ տված ցուցմունքներում Ասկերովը շարունակ պնդում է, որ իրենք սահմանը խախտել են 3 հոգով, իսկ հիշյալ ոմն Դիման իրենց ուղեկցել է մինչև ղարաբաղա-ադրբեջանական սահմանագիծը, սակայն սահմանը չի անցել։
Նախաքննության և դատաքննության ընթացքում իր տված ցուցմունքների հակասությունը Ասկերովը բացատրել է սկզբնական այն վատ ինքնազգացողությամբ, որն ունեցել է նախաքննության ժամանակ։ Չնայած վատ ինքնազգացողությանը՝ հաջորդ ցուցմունքներում էլ Ասկերովը տրամաբանորեն շարունակել է պատանու սպանությունը կապել մե՛րթ Շ. Գուլիևի, մե՛րթ Հ. Հասանովի հետ, սակայն դատաքննության ժամանակ պնդում է, որ պատանուն սպանել է սպանված Հասանովը։
Հակասական են նաև նախաքննության և դատաքննության ընթացքում Ասկերովի տված ցուցմունքները իրենց փնտրած ոսկու վերաբերյալ։ Համաձայն նախաքննությանը տված նրա ցուցմունքի, նա մանրամասնորեն նկարագրել է իրենց խմբի կողմից որոնվող ոսկու տեղը, իսկ դատաքննության ժամանակ ասաց, որ այդ ոսկու տեղը միայն Հասանովն է իմացել։
Անդրադառնալով տեսանկարահանումներին, որոնք խումբը պետք է կատարեր հավանական ոսկու գտնվելու վայրում, Ասկերովը նշեց, թե իբր չեն տեսանկարահանել, որովհետև այնտեղ, տեխնիկայով կատարված աշխատանքների հետևանքով ամեն ինչ ձևափոխված է եղել։ Սակայն, դրանից հետո էլ մինչև Քարվաճառ հասնելն Ասկերովը շարունակել է Հասանովի տեսախցիկով նկարահանել ճանապարհին գտնվող օբյեկտները։ Ասկերովը նշեց նաև, որ ինքը նախորդ սահմանախախտումների ժամանակ էլ է նման տեսանկարահանումներ կատարել, որոնք վաճառել է որոշակի պատվիրատուների։
Նախորդող հրապարակումներ՝
Ադրբեջանցի դիվերսանտը մյուսի մասին. «Շատ կեղտոտ ու վատ անձնավորություն է, Ադրբեջանի ԱԱԾ աշխատակից է»
Սմբատ Ցականյանի հայրը գոհ է դատավարության ընթացքից. ադրբեջանցի դիվերսանտների գործ
Լ. Ալավերդյան. Ադրբեջանցի դիվերսանտների դատավարությունն ընթանում է միջազգային նորմերին համապատասխան (տեսանյութ)
Ադրբեջանցի դիվերսանտը ցուցմունք է տվել (լուսանկարներ)
Ստեփանակերտում մեկնարկել է ադրբեջանցի դիվերսանտների դատավարությունը