Հրաչյա Հարությունյանի գործով հնարավոր է լինի նաև վճռաբեկ բողոք
Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանի գործով վերաքննիչ բողոքը մերժելու կամ այն տրամաբանական լուծումը, որն ակնկալում են փաստաբանները, չստանալու դեպքում, պաշտպանական կողմն անպայման դիմելու է ՌԴ Վճռաբեկ դատարան: Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բռնությունների կանխարգելման վարչության պետ, իրավապաշտպան Երանուհի Թումանյանցը:
Նա նշեց, որ վերաքննիչ բողոքը քննվելու է նոյեմբերի 25-ին: Բողոքարկվել է Մոսկվայի Տրոիցկի դատարանի դատավճիռը ՌԴ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի` գիտակցաբար կեղծ փաստաթղթի օգտագործման մասով, քանի որ Հրաչյա Հարությունյանի մեղքը տվյալ հանցագործության կատարման մեջ ապացուցված չէ:
«Պաշտպանական կողմը գտնում է, որ կոնկրետ այդ հանցանքը Հրաչյա Հարությունյանը չի կատարել, և նման հոդվածով մեղադրանքն անհիմն է»,- ասաց Ե. Թումանյանցը:
Ավելի վաղ ՄԻՊ ներկայացուցիչը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ՝ «թեև տվյալ հոդվածը պատժի ծանրության վրա որևէ կերպ չի ազդում, այնուամենայնիվ, խնդիրը սկզբունքային է` անձը չպետք է մեղավոր ճանաչվի չկատարած արարքի համար»:
Հիշեցնենք, որ Հ. Հարությունյանը, ով իր «Կամազ» մակնիշի մեքենայով նախորդ տարվա հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ, դատապարտվել է 6 տարի ու 9 ամիս ազատազրկման: Դատավճիռը Մոսկվայի Տրոիցկի դատարանը կայացրել է օգոստոսի 4-ին: Դատավճռի համաձայն, Հրաչյա Հարությունյանը մեղավոր է ճանաչվել երկու հոդվածներով, այն է` ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ և կեղծ փաստաթղթի օգտագործումը:
Ինչ վերաբերում է տուժողների կողմից բողոքներին, ովքեր նույնպես բողոք էին ներկայացրել վերաքննության կարգով, Ե. Թումանյանցն ասաց, որ դրանք վերաբերում են այն հարցին, թե ինչու Տրոիցկի դատարանը չի ընդունում իրենց քաղաքացիական հայցերը, քանի որ նախկինում ասել էր, որ քաղաքացիական հայցեր կարող են ներկայացնել առանձին քաղաքացիական գործով, ոչ այս քրեական գործով:
Նախորդող հրապարակումներ՝
Հրաչյա Հարությունյանի գործով դատավճիռը բողոքարկվել է
Հրաչյա Հարությունյանը դատապարտվել է 6 տարի 9 ամիս ազատազրկման
Մոսկվայի դատարանը Հրաչյա Հարությունյանին ճանաչել է մեղավոր