Հրաչյա Հարությունյանի՝ Հայաստան տեղափոխման գործընթացն արդեն հնարավոր է սկսել. Ե. Թումանյանց
Մոսկվայի Տրոիցկի դատարանի կայացրած դատավճիռը Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանի գործով երեկվանից օրինական ուժի մեջ է մտել, ինչը նշանակում է, որ արդեն հնարավոր է Հ. Հարությունյանին Հայաստան տեղափոխելու ուղղությամբ սկսել գործընթաց: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բռնությունների կանխարգելման վարչության պետ, իրավապաշտպան Երանուհի Թումանյանցը:
Նշենք, որ երեկ Մոսկվայի քաղաքային դատարանը մերժել է Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանի փաստաբանների վերաքննիչ բողոքը: Միաժամանակ ուժի մեջ է մտել Մոսկվայի Տրոիցկի դատարանի կայացրած դատական ակտը:
Ե. Թումանյանցը տեղեկացրեց, որ Հ. Հարությունյանի փաստաբանները պատրաստակամություն են հայտնել վճռաբեկության կարգով բողոքարկել երեկվա որոշումը, քանի որ շարունակում են կարծել, որ ՌԴ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքը` գիտակցաբար կեղծ փաստաթղթի օգտագործում, անհիմն է, նախաքննության, դատաքննության փուլում չի ապացուցվել:
Ինչ վերաբերում է Հ. Հարությունյանի Հայաստան տեղափոխմանը, ՄԻՊ ներկայացուցիչն ասաց, որ արդեն խոսել են փաստաբանների, հարազատների հետ, թե ինչ ընթացակարգեր են անհրաժեշտ իրականացնել, որպեսզի կազմակերպվի նրա տեղափոխումը Հայաստան:
«Նախ պետք է Հրաչյա Հարությունյանի կողմից լինի Հայաստան տեղափոխվելու կամքի արտահայտություն: Պետք է դիմի Ռուսաստանի և Հայաստանի արդարադատության նախարարներին, որպեսզի արդեն գործող կոնվենցիաների շրջանակներում կարողանան կազմակերպել տեղափոխումը Հայաստան»,- ասաց Ե. Թումանյանցը:
Նրա խոսքով, Հ. Հարությունյանը փաստաբանների միջոցով փոխանցել է, որ նման ցանկություն ունի:
«Այժմ սպասում ենք, որ սկսվի գրագրությունը: Բավականին երկար գործընթաց է մինչև նախարարությունները միմյանց հետ գալիս են համաձայնության»,- նշեց նա:
Պատասխանելով հարցին, արդյո՞ք հնարավոր է դիմելու դեպքում ՌԴ կողմը մերժի, Ե. Թումանյանցն ասաց, որ պրակտիկան հիմնականում ցույց է տալիս, որ ՌԴ-ն դեմ չի լինում, որ հայկական կողմի համաձայնության դեպքում Հայաստանի քաղաքացին տեղափոխվի Հայաստան: Միջազգային պրակտիկայի համաձայն, կողմերի միջև չպետք է լինի խոչընդոտներ, եթե, իհարկե, լուրջ խնդիրներ չկան տեղափոխման պատճառների տեսանկյունից, օպերատիվ տեղեկատվություն՝ նոր հանցագործություն կատարելու մասին:
«Նման խնդիրներ հիմնականում լուրջ հանցագործների դեպքում են առաջանում: Այս պարագայում պրակտիկան այնպիսին է, որ եթե կա հնարավորություն, երկրները գալիս են համաձայնության»,- նշեց Ե. Թումանյանցը:
Հիշեցնենք, որ Հ. Հարությունյանը, ով իր «Կամազ» մակնիշի մեքենայով նախորդ տարվա հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ, դատապարտվել է 6 տարի ու 9 ամիս ազատազրկման: Դատավճիռը Մոսկվայի Տրոիցկի դատարանը կայացրել է օգոստոսի 4-ին: Դատավճռի համաձայն, Հրաչյա Հարությունյանը մեղավոր է ճանաչվել երկու հոդվածներով, այն է` ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ և կեղծ փաստաթղթի օգտագործումը:
Նախորդող հրապարակումներ՝
Մոսկվայի քաղաքային դատարանը ուժի մեջ է թողել Հրաչյա Հարությունյանի դատավճիռը
Հրաչյա Հարությունյանի գործով հնարավոր է լինի նաև վճռաբեկ բողոք
Հրաչյա Հարությունյանի գործով դատավճիռը բողոքարկվել է
Հրաչյա Հարությունյանը դատապարտվել է 6 տարի 9 ամիս ազատազրկման
Մոսկվայի դատարանը Հրաչյա Հարությունյանին ճանաչել է մեղավոր