HSBC-ի աշխատակցի գործ. «Վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել վարկածի հիման վրա կայացրած դատավճիռը»
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել HSBC բանկի գլխավոր մասնագետ Աշոտ Առուշանյանի գործով առաջին ատյանի կայացրած դատավճիռը՝ 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում: Panorama.am-ի հետ զրույցում Ա. Առուշանյանի պաշտպան, Փաստաբանների պալատի անդամ Լիպարիտ Սիմոնյանն ասաց. «Ըստ էության վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել վարկածի հիման վրա կայացրած դատավճիռը»:
Նա նշեց, որ վճռաբեկ բողոք է ներկայացնելու հիմնականում այն նպատակով, որպեսզի հետագայում կարողանա դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Հիշեցնենք, որ Ա. Առուշանյանը տաս օրից ավել է հացադուլ է հայտարարել: «Ես իրեն ասել եմ, որ անկախ ամեն ինչից անիմաստ է նման քայլի դիմելը, ավելի շատ քո առողջությունն ես վնասում»,- նշեց փաստաբանը:
Աշոտ Առուշանյանի հայրը նույնպես կոչ է արել որդուն դադարեցնել հացադուլը:
Ա. Առուշանյանն մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 3-րդ մասով, այն բանի համար, որ նա, խմբով առանձնապես խոշոր չափերի գողություն կատարելու դիտավորություն ունեցող իր ընկերներ Էդգար Կարաքեշիշյանին և ծանոթ Արտաշես Գալուստյանին օժանդակել է հանցագործության կատարմանը` նրանց տրամադրելով տեղեկատվություն հափշտակության առարկայի` առանձնապես խոշոր չափերի գումարի վերաբերյալ: Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Աշոտ Առուշանյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել է ազատազրկման 5 տարի 6 ամիս ժամկետով` գույքի 30%-ի բռնագրավմամբ: Նույն դատավճռով Էդգար Կարաքեշիշյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 324-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել ազատազրկման 7 տարի 6 ամիս ժամկետով: Սակայն դեռ նախորդ տարվա հուլիսի 23-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշել էր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը բեկանել և գործն ուղարկել ընդհանուր իրավասության դատարան` այլ կազմով նոր քննության: Իսկ Վճռաբեկ դատարանն էլ որոշել էր մեղադրողի վճռաբեկ բողոքը վերադարձնել: Առաջին ատյանի դատարանը նորից մեղադրական դատավճիռ էր կայացրել: Ներկայացվել էր վերաքննիչ բողոք:
Նախորդող հրապարակումներ՝
HSBC-ի աշխատակցի գործ. «Իր պարագայում հացադուլը կարծես վերջին միջոցներից մեկն է»
Երկրորդ անգամ նույն գործը՝ Վերաքննիչ դատարանում
HSBC-ի աշխատակցի գործով դատաքննությունը շարունակվում է, բայց գլխավոր կասկածյալներից մեկի բացակայությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները