«Պերմյակովի գործած հանցանքների շղթան սկսվել է ՌԴ և ավարտվել է ՀՀ օրենսդրության իրավազորության ներքո գտնվող հանցագործությամբ»
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Գյումրիում ընթացող ասուլիսի ժամանակ ներկայացրեց Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա միջպետական պայմանագրի այն օրենսդրական դրույթները, որոնք կիրառվելու են Գյումրիում ընտանիքի 6 անդամներին դաժանաբար սպանած ռուս զինվորական Վալերի Պերմյակովի նկատմամբ:
«Պայմանագրի 4 հոդվածը սահմանում է, որ այն հանցագործությունները և իրավախախտումները, որոնք կատարվել են Հայաստանի տարածքում այն անձանց կողմից, ովքեր մտնում են ռուսական ռազմաբազայի կազմում, իրականացվում են ՀՀ օրենքներով և կա 5-րդ հոդված, որը սահմանում է, որ այդ կարգը կիրառելի չի այն հանցագործությունների նկատմամբ, որոնք կատարվել են՝
առաջին, եթե հանցագործությունը կատարվել է ՌԴ բազայի տարածքում,
երկրորդ՝ եթե հանցագործությունը կատարվել է ընդդեմ Ռուսաստանի դաշնության և նրանց բազայի մեջ գտնվող անձանց նկատառմամբ,
երրորդ՝ եթե կատարվել են զինվորական հանցագործություններ: Այսինքն՝ զինվորական հանցագործություններ, որոնք կատարվել են բազայի կամ որևէ այլ տարածքում, դրանք քննվում են ռուսական իրավապահ մարմինների կողմից: Սա պայմանագրի դրույթն է: Այսինքն՝ մենք ունենք 4-րդ դրույթ, որով կիրառելի է ՀՀ օրենքը, բացառությամբ 5-րդ հոդվածով սահմանված դրույթների, որը սահմանում է, զինվորական հանցագործությունների դեպքում կիրառելի է Ռուսաստանի օրենսդրությունը»,-նշեց գլխավոր դատախազը:
«Մենք ունենք մի քանի հանգամանքներ՝ կասկածյալ անձը կատարել է զինվորական հանցագործություն՝ առնվազն զորամասը ինքնակամ լքելու, ինչի համար մեղադրանք է առաջադրվել ՌԴ օրենսդրությամբ՝ ռուս իրավապահների կողմից, կատարել է պահակային կանոնների խախտում: Զինվորական հանցագործություններից բացի, կատարել է երրորդ հանցագործությունը, որը զինվորական չէ: Այսինքն` նրա կողմից կատարվող հանցագործությունների շղթան սկսվել է զինվորական հանցագործություններով և ավարտվել է ՀՀ օրենսդրության իրավազորության ներքո գտնվող հանցագործությամբ: Մենք այստեղ գործ ունենք երկակի ենթակայության մասին՝ ըստ պայմանագրի: Դրա համար մեր հաղորդագրության մեջ նշեցինք, որ մենք քննարկումներ ենք ունեցել ՌԴ գլխավոր դատախազության հետ և այն հանգամանքը, որ վկայակոչվեց ՌԴ սահմանադրությունը, ընդամենը նպատակ ուներ արձանագրելու, որ այս հարցը, որը կարգավորվում է միջպետական պայմանագրով առնվազն ենթադրում է կարգավորում երկու երկրների օրենսդրություններով»,-հավելեց Գ. Կոստանյանը:
Գլխավոր դատախազի խոսքով՝ գործը գտնվում է նաև Հայաստանի Հանրապետության իրավազորության ներքո, այդ իսկ պատճառով հարուցվել է քրեական գործ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նաև որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել ՀՀ քննչական կոմիտեի կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան