Ազատության հրապարակից քաղաքացիներ բերման են ենթարկվել վարչական իրավախախտում կատարելու համար ու հանցանք կատարելու կասկածանքով
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարություն է տարածել այսօր Երևանի Ազատության հրապարակում ոստիկանների և քաղաքացիների միջև տեղի ունեցած միջադեպերի մասին. «Այս պահին Օմբուդսմենի տեղակալ Արմեն Գրիգորյանը և աշխատակազմի ղեկավար Տիգրան Արեյանն Ազատության հրապարակում են, իսկ արագ արձագանքման վարչության աշխատակիցները գտնվում են ոստիկանության այն բաժիններում, որտեղ Երևանի Ազատության հրապարակից բերման են ենթարկվել հավաքի մասնակիցներ:
Ոստիկանները Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներին հայտնել են, որ որոշ քաղաքացիներ բերման են ենթարկվել վարչական իրավախախտում կատարելու համար, իսկ ոմանք` հանցանք կատարելու կասկածանքով:
Օմբուդսմենի ներկայացուցիչները Երևանի ոստիկանության տարբեր բաժիններում շարունակում են հետևել ստեղծված իրավիճակին:
Մարդու իրավունքների պաշտպանի Շիրակի մարզային գրասենյակի աշխատակիցները ևս այս պահին մարզի ոստիկանության բաժանմունքում են»:
Նշենք, որ Ազատության հրապարակում ինքնաբուխ հավաք էր սկսվել՝ ի զորակցություն գյումրեցի ցուցարարների:Սակայն ոստիկանների և քաղաքացիների միջև բախումներ են տեղի ունեցել: Բերման էին ենթարկվել մի քանի տասնյակ քաղաքացիներ: