Քաջարանի ԲԿ-ում քաղաքացիների՝ «հեպատիտ c» հիվանդությամբ վարակվելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու, անվտանգության կանոններին չհամապատասխանող` 2 եւ ավելի անձանց առողջությանը վնաս պատճառած ծառայություններ մատուցելու դեպքի առթիվ: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հունվարի 17-ին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ոստիկանության Կապանի բաժնից ստացվել են նյութեր, որոնց համաձայն «Քաջարանի բժշկական կենտրոն» բուժօգնության դիմած մի քանի քաղաքացի բացատրություն է տվել, որ նախքան «Քաջարանի բժշկական կենտրոն» բժշկական կենտրոն դիմելը «հեպատիտ c» հիվանդության վարակակիր չեն հանդիսացել, սակայն նշված կենտրոնում բժշկական միջամտության, վիրահատության ենթարկվելուց հետո իրենց մոտ «հեպատիտ c» է ախտորոշվել:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ` Սյունիքի մարզային քննչական վարչությունում հունվարի 17-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասով (Սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում կամ թունավորում) և 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը կամ նշված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների՝ անվտանգության պահանջներին համապատասխանությունը հավաստող պաշտոնական փաստաթղթերն ապօրինի հանձնելը կամ օգտագործելը, որն անզգուշությամբ վնաս են պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը):
Կատարվում է նախաքննություն:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա