
ՌԴ քննչական կոմիտեի նախագահը Հայաստանում է
Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը ժամանել է Երևան: Ինտերֆաքս-ի տեղեկացմամբ, այս մասին հայտնել է ՌԴ քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:
Նա Երևան է ժամանել Գյումրիում տեղի ունեցած սպանության գործով քննչական աշխատանքները կազմակերպելու համար:
Երկրի ղեկավարությունը հանձնարարել է Բաստրիկինին «սերտ համագործակցությամբ աշխատել Հայաստանի իրավապահներ մարմինների հետ՝ հանցագործության հանգամանքների առավելագույնս օբյեկտիվ և ամբողջական հետաքննության համար»:
ՌԴ քննչական կոմիտեում վստահություն են հայտնել, որ «դաժան սպանության մեղավորը արժանի պատիժ կկրի օրենքի ողջ խստությամբ»:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն հեռախոսազրույց է ունեցել ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի հետ։ Կողմերը քննարկել են հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության գործի քննությանը վերաբերող հարցեր, որոնց կատարման մեջ մեղադրվում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը։ Հաշվի առնելով քրեական գործի առանձնահատկությունները՝ Ա.Հովսեփյանը Ալ.Բաստրիկինին հրավիրել է Հայաստան։ Հրավերն ընդունվել էր: