Փոխոստիկանապետը՝ Գյումրու դեպքի մասին. Ռուս իրավապահների մոտ զգացել եմ հայ իրավապահներին օգնելու անկեղծ շահագրգռվածություն
«Պետք չէ թյուր կարծիք ստեղծել, որ հայ իրավապահները լավ չեն աշխատել ու չեն կարողացել հայտնաբերել Պերմյակովին: Բոլոր կառույցներն աշխատել են համակարգված: Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալները համադրելուց հետո նոր կարելի է անել եզրահանգումները ու եթե պարզվի, որ եղել են թերացումներ, թերացողներն անպայման կպատժվեն»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը:
Նա նշեց, որ դեպքից անմիջապես հետո բազմաթիվ ահազանգեր են ստացել, թե որտեղ հնարավոր է լինել ռուս զինծառայողը, բոլորը ահազանգերը ու նշված վայրերը մանրակրկիտ ստուգվել են:
Փոխոստիկանապետն ասաց, որ իրենց գերխնդիրն է եղել հայտնաբերել ու վնասազրերծել նրան:
«Արդյունքում վնասազերծվել է, մնացածն իրավական դաշտում, քրեադատավարական ընթացակարգերով լուծվող հարցեր են»,- ասաց Հ. Պողոսյանը՝ հավելելով, որ ՌԴ համապատասխան կառույցների, աշխատակիցների մոտ զգացել են անկեղծ շահագրգռվածություն հայ իրավապահներին օգնելու, Պերմյակովին վնասազերծելու, հանցագործությունը բացահայտելու հարցում:
«Հանգիստ եղեք, բոլոր հանգամանքներն ի հայտ կգան»,- ընդգծեց նա:
Հ. Պողոսյանը նշեց, որ գործն այժմ համատեղ քննում են հայ և ռուս քննիչները:
Ինչ վերաբերում է հարցին, թե տեղեկությունների համաձայն հայ իրավապահներն են հայտնաբերել Վ. Պերմյակովին և այնուհետև հանձնել ռուս սահմանապահներին, փոխոստիկանապետն ասաց, որ իրենք նման տեղեկություն չունեն. «Նման բան չկա»:
Միաժամանակ Հ. Պողոսյանը նշեց, որ գործով առաջ քաշված ցանկացած վարկած ստուգվում է, քննարկվում է այդ թվում նաև Պերմյակովի՝ մենակ չլինելու վարկածը:
Հիշեցնենք, որ Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու և ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Նրան մեղադրանք է առաջադրված նաև ՌԴ Քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ սպանություն և դասալքություն:
Նախորդող հրապարակումներ՝
Վալերի Պերմյակովին կուղարկեն հոգեբուժական փորձաքննության
ՀՀ քննչական կոմիտեն Վ.Պերմյակովի հարցաքննությունից տեսանյութ է ներկայացրել
«Իրավունք ունե՞ն ռուսական ռազմաբազայի զինծառայողները զինված օպերատիվ գործողություններ իրականացնել ՀՀ տարածքում». Նիկոլ Փաշինյան
«Արտաքին գործերի նախարարը չկա, ԱԱԾ-ն չի արձագանքում». Ալեքսանդր Արզումանյան
«Սահմանը հատելու մասով քրեական գործ չի հարուցվել». Զարուհի Փոստանջյան
«Նիստ անում եք՝ ասելու համար, որ նիստ եք անում». Նաիրա Զոհրաբյան
Որևէ սահմանախախտ նախևառաջ պետք է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը հանձնվեր. Խոսրով Հարությունյան
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հայ և ռուս իրավապահները կարողանան լիարժեք քննություն իրականացնել»
ՌԴ և ՀՀ քննչական կոմիտեների ղեկավարները պայմանավորվել են Գյումրիի սպանության գործով հետաքննության շուրջ
Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինին
ՌԴ քննչական կոմիտեի նախագահի հետ քննարկումների առանցքում Գյումրիի դեպքն է
ՌԴ քննչական կոմիտեի նախագահը Հայաստանում է