Զարուհի Փոստանջյանը դատական բողոք է ներկայացրել ընդդեմ Գևորգ Կոստանյանի
Հայաստանի ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր բողոք է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի: Այս մասին հայտնում է «Ժառանգություն» խմբակցության մամուլի գրասենյակը:
«2015 թվականի հունվարի 29-ին Զ. Փոստանջյանի կողմից հաղորդում է ուղարկվել հանցագործության մասին ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, որտեղ նշվել է, որ 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի 188 տանը տեղի է ունեցել յոթ անձանց սպանություն, այդ թվում երկու մանկահասակ երեխաների, նրանցից մեկին՝ վեցամսյա Սերյոժա Ավետիսյանին պատճառվել էր ծանր մարմնական վնասվածքներ, որի հետևանքով նա մեկ շաբաթ անց մահացել է հիվանդանոցում: Համաձայն ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանի հայտարարության` շտապ օգնության կայանից հաղորդում է ստացվել այն մասին, որ Մյասնիկյան փողոցի թիվ 188 տանը կան հրազենային վնասվածքից մահացածներ, դեպքի վայր մեկնել է օպերատիվ խումբը, և օպերատիվ քննչական խումբը հայտնաբերել է Սերյոժա Կարապետի Ավետիսյանի, Հասմիկ Ռաֆիկի Ավետիսյանի, Արմեն Սերյոժայի Ավետիսյանի, Արաքս Անդրանիկի Ավետիսյանի, Աիդա Սերյոժայի Ավետիսյանի, Հասմիկ Արմենի Ավետիսյանի դիակները հրազենային վնասվածքի հետքերով. Սերյոժա Արմենի Ավետիսյանին տեղափոխել են հիվանդանոց: Ենթադրյալ հանցագործը դեպքի վայրում թողել է հանցագործության գործիք հանդիսացող հրազենը՝ ինքնաձիգը, իր զինվորական համազգեստը և դիմել փախուստի:
Համաձայն ՀՀ քննչական ծառայության 2015 թվականի հունվարի 12-ի հայտարարության՝ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են ինքնաձիգ, ինքնաձիգից արձակված պարկուճներ, պահունակ՝ փամփուշտներով, ՌԴ զինծառայողի տարբերանշանով զինվորական համազգեստ, զինվորական կոշիկներ։ Պարզվել է, որ դրանք պատկանում են Պերմյակով ազգանունը կրող անձին, ով հանդիսանում է Գյումրիում տեղակայված ՌԴ ռազմական բազայի ժամկետային զինծառայող։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Հարցաքննվել են մի շարք անձինք, նրանց թվում՝ Պերմյակովի զինակիցները, տուժածների հարազատները, հարևանները»,-նշված է հաղորդագրության մեջ:
Մանրամասներն՝ այստեղ: