Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբանները հանդիպել են գլխավոր դատախազին. «Որոշակի առումով համարում ենք արդյունավետ»
Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ, փաստաբաններ Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը և Երեմ Սարգսյանը երեկ հանդիպել են ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Երեմ Սարգսյանը:
«Քանի որ հանդիպմանը զուտ իրավական բնույթի հարցեր էին քննարկվելու, իրավահաջորդների հետ մենք քննարկեցինք և միասին որոշեցինք, որ ավելի նպատակահարմար է գլխավոր դատախազի հետ հանդիպեն հենց փաստաբանները, որպեսզի հանդիպումն արդյունավետ լինի: Մեր նպատակն է գոնե չնչին առաջընթաց գրանցել, որը հնարավոր էր միայն այս ֆորմատով՝ իրավաբաններով քննարկում են իրավական հարցեր»,- ասաց փաստաբանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Ավետիսյանների իրավահաջորդները որոշեցին չհանդիպել գլխավոր դատախազի հետ, քանի որ իրենք էին պահանջում այդ հանդիպումը:
Երեմ Սարգսյանը որոշ մանրամասներ ներկայացրեց հանդիպումից. «Ընդհանուր առմամբ, քննարկվել են ռուսական կողմում քննվող քրեական գործի վարույթը հայկական կողմին փոխանցելու հեռանկարները, մասնավորապես այն նամակի համատեքստում, որ Հայաստանի գլխավոր դատախազն ուղղել է ռուսաստանցի իր գործընկերոջը: Հայտնեցին, որ պատասախանը դեռ չունեն:
Քննարկեցինք հայ-ռուսական միջպետական համաձայնագրի դրույթները, որոնցում սահմավում են քրեական գործերի քննության իրավասության հարցեր: Ինչպես գիտենք, այդ համաձայնագիրը որոշակի թերի կարգավորումներ ունի, միանշանակ սահմանված չէ, թե այս պարագայում կոնկրետ ի՞նչ եղանակով պետք է իրավասությունը որոշվի: Թերի կարգավորումների շրջանակում քննարկեցինք, թե ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկենք, որ առավել հավանական լինի վարույթի փոխանցումը հայկական կողմին:
Քննարկեցինք ապօրինի սահմանահատման հետ կապված քրեական գործ հարուցել-չհարուցելու խնդիրը: Մենք ժամանակին միջնորդություն էինք ներկայացրել ապօրինի սահմանը հատելու հետ կապված քրեական գործ հարուցել, սակայն հետաձգեց: Փորձեցինք պարզելու, թե ինչո՞ւ: Գլխավոր դատախազը ներկայացրեց իր նկատառումներն այս հարցի վերաբերյալ: Քրեական գործում առկա որոշակի տվյալներ հադորդեցին, որոնց մասին մենք չգիտեինք: Այդ համատեքստում, կարծում եմ, որոշակի գործողությունների անհրաժեշտությոն կծագի: Մենք մեր դիրքորոշումը ներկայացրեցինք, որոշակի տվյալներ փոխանցեցինք, որոնք հետաքրքրեցին գլխավոր դատախազին: Նա հանձնարարեց իր ենթականերին, որ այդ փաստը ևս մեկ անգամ հատուկ ուշադրությամբ ուսումնասիրվի, քննարկվի: Նշվեց, որ այդ փաստը քննության առարկա է, կոնկրետ գործողություններ են կատարում այդ կապակցությամբ, բայց այս փուլում դեռևս հարուցում չկա:
Քննարկեցինք երկու քրեական գործերի առկայության պայմաններում՝ հայկական և ռուսական, գործի քննության արդյունավետության հարցը, թե որքանով է հայկական կողմը կարողանում ազատորեն առնչվել Պերմյակովի հետ:
Այս հարցերի շրջանակում բավականին հանգամանալից այլ մանր հարցերի էլ անդրադարձ եղան, որոնք վերաբերում էին նախաքննական տվյալներին: Դրանք այս պահին ենթակա չեն հրապարակման՝ նաև գործի շահերից ելնելով»:
Փաստաբանն ասաց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել նոր փաստերի, հանգամանքների ի հայտ գալուց հետո քննարկման անհրաժեշտություն լինելու դեպքում կրկին նման ֆորմատով հանդիպել:
«Եղած իրադրության պայմաններում այս քննարկումները որոշակի առումով համարում ենք արդյունավետ, թեև առարկայական առաջընթաց չկա: Բայց քննարկումների արդյունքում կարողանում ենք ձևավորել մեր դիրքորոշումները, հասկանալ, թե որոնք պետք է լինեն մեր հետագա քայլերը»,- ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Գյումրի քաղաքում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու և ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Նրան մեղադրանք է առաջադրված նաև ՌԴ Քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ սպանություն և դասալքություն:
Դեպքից հետո Գյումրիում տեղի ունեցան բողոքի ակցիաներ, պահանջը մեկն էր՝ Պերմյկովին հանձնել հայ իրավապահներին, նրա դատավարությունն ընթանա Հայաստանում՝ հայաստանյան օրենքներին համապատասխան: Փետրվարի 3-ին ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանը Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային: Պատասխան դեռևս չկա:
Նախորդող հրապարակումներ՝
Գլխավոր դատախազը պատրաստ է ընդունել Գյումրիում սպանված Ավետիսյանների հարազատներին
Ավետիսյանների հարազատները չեն դիմել ռուսական կողմին` իրավահաջորդ ներգրավելու պահանջով. փաստաբան
Ավետիսյանների հարազատնները փաստաբանների նոր խումբ են ուզում
Ավետիսյանների հարազատները պատասխան չստանալու դեպքում ուրբաթ օրը ցույց կանեն
Գյումրիի ողբերգությունից 40 օր անց. «Ռուսական կողմը պատրաստ չէ հանձնել Պերմյակովին»
Բոլոր հարցերին չեմ պատասխանել, քանի որ գոյություն ունի նախաքննության գաղտնիություն». Գևորգ Կոստանյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան