Շիրակի վթար. «Գազելի վարորդի մեղքը հաստատ առկա է»
Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ելքով ավտովթարի գործով մեղադրյալ «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդ Մանվել Վարդանյանի պաշտպան, Փաստաբանների պալատի անդամ Լիանա Բալյանը երեկ գնացել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ: Քննիչը հայտարարել է Մանվել Վարդանյանի քրեական գործի ավարտի մասին: Գործը պետք է ուղարկվի դատարան: Մեղադրական եզրակացությունը դեռ չի հաստատվել դատախազի կողմից:
«Գործով պարզվել է, որ «Կամազ-53202» մակնիշի 533SU61 հաշվառման համարանիշի բեռնատար ավտոմոբիլը գտնվել է տեխնիկապես սարքին վիճակում, իսկ «Գազ-32213» մակնիշի 0811Լ հաշվառման համարանիշի ուղևորատար ավտոմոբիլի բանվորական արգելակային համակարգը և կախոցները գտնվել են տեխնիկապես անսարք վիճակում: Գազել ավտոմոբիլի անիվներն ունեցել են տեղամասային լրիվ մաշվածություններ, որը դասվում է ավտոմոբիլների շահագործման արգելող պայմանների թվին: Գազելը տեղափոխել է նախատեսվածից ավելի ուղևորներ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Լիանա Բալյանը:
Փաստաբանը նշեց, որ նախօրեին միջնորդել է քրեական գործ հարուցել «Գազ-32213» մակնիշի վարորդ Ռազմիկ Մկրտչյանի նկատմամբ, որովհետև հաստատ գազելի վարորդի մեղքն առկա է. «Գազել մեքենան, որը տեղափոխում էր ուղևորներ, միշտ պետք է պատրաստ լիներ և արգելակեր մեքենան, մի գուցե «Կամազի» փոխարեն ճանապարհին անասուններ էին անցնում, կամ ժայռաբեկոր էր ընկած, կամ էլ «Կամազը» խափանվել և կանգնել էր ճանապարհին: Վարորդը պարտավոր էր կանխատեսելով վտանգները միշտ ունենար արգելակելու հնարավորություն և լիներ զգույշ»:
Լ. Բալյանը նաև հայտնեց, որ գազելի գծի տերը մի քանի օր առաջ քաղ.հայց է ներկայացրել Մանվել Վարդանյանի դեմ և նրանից պահանջում է 3 միլիոն 600 հազար դրամ՝ որպես բաց թողնված օգուտ:
«Գծի տերը պատճառաբանում է, որ օրական գազելից ստացել են 45 հազար դրամ շահույթ, իսկ 80 օրվա ընթացքում եթե գազելը չայրվեր և ուղևորներ տեղափոխեր, ապա շահույթը կկազմեր երեք միլիոն վեց հարյուր հազար դրամ: Իսկ Մանվել Վարդանյանի պատճառով իրենք զրկվել են շահույթից»,- ասաց փաստաբանը:
Նա նաև տեղեկացրեց, որ համաձայն դատահոգեբանական փորձաքննության Մանվել Վարդանյանը մեքենան վարել է հանգիստ վիճակում և նորմայով սահմանված վիճակում, իսկ վթարից հետո գտնվել է խուճապի մեջ: Ըստ փորձաքննության, հրդեհի առաջացման պատճառը գազելի վրա թափված դիզելային վառելիքի բռնկումն է և հրդեհի զարգացմանն ու տարածմանը նպաստել է շարժիչային հատվածում գազասնուցման համակարգից արտահոսող գազը:
Փաստաբանը նախօրեին քննիչին միջնորդություններ է ներկայացրել նշանակել կրկնակի ավտոտեխնիկական, դատանյութագիտական, դատահրդեհատեխնիկական և ավտոտեխնիկական փորձաքննություններ և փորձաքննությունները հանձնարարել ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին:
«Տարօրինակ է, որ հին, տեխնիկապես անսարք և մաշված անվադողերով գազելը փորձաքննությամբ գնահատվել է 2 միլիոն 200 հազար դրամ, իսկ կամազի վնասված մասերը` ընդամենը 655 հազար դրամ: Վթարի վայրը գծագրվել է ոչ փորձագետ քննիչի կողմից և գծագիրը, որպես տեխնիկական եզրակացություն, հիմք է ծառայել փորձաքննությունների համար»,- ասաց փաստաբան Լ. Բալյանը:
2014թ. նոյեմբերի 10-ին Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ելքով ավտովթարի դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդ Մ.Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ՝)։ Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ «Իմէքս-Գրուպ» ՍՊ ընկերության վարորդ Մ.Վարդանյանն իրեն ամրակցված «Կամազ-53202» մակնիշի, 533 ՏՍ 61 հաշվառման համարանիշի բեռնատար ավտոմեքենայով 2014 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 19:15-ի սահմաններում, խախտելով ՀՀ ՃԵԿ-ի 96 կետի, ձև № 1-ի 2.5 ճանապարհային նշանի և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջները, այն է` պարտավոր լինելով երկրորդական ճանապարհով անհավասարազոր ճանապարհների խաչմերուկին մոտենալով ճանապարհը զիջել գլխավոր ճանապարհով ընթացող տրանսպորտային միջոցներին, ինչպես նաև՝ կանգնել հատվող երթևեկելի մասի եզրից առաջ, ստեղծել է վթարային իրավիճակ, մուտք գործել խաչմերուկ և բախվել Ռազմիկ Մկրտչյանի վարած, Երևանից-Գյումրի թիվ 359 երթուղու «Գազ-32213» մակնիշի, 0811 Լ հաշվառման համարանիշի ուղևորատար ավտոմեքենային: Արդյունքում՝ առաջացած վթարի հետևանքով «Գազ-32213» մակնիշի ուղևորատար ավտոմեքենան հրդեհվել է, զոհվել է յոթ մարդ, յոթ մարդ էլ տարբեր աստիճանի այրվածքներով և մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Մ.Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
Նախորդող հրապարակումներ՝
Շիրակում տեղի ունեցած ավտովթարի գործով տարվում է միակողմանի նախաքննություն` արջի ծառայություն մատուցելով պատգամավորին. փաստաբան
Շիրակում տեղի ունեցած ավտովթարի գործով մեղադրյալին տեղափոխելու են «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոց
Շիրակում տեղի ունեցած ավտովթարի գործով մեղադրյալին հնարավոր է տեղափոխեն «Դատապարտյալների հիվանդանոց»
Շիրակում տեղի ունեցած ավտովթարի գործով մեղադրյալի կալանքի որոշումը չի բողոքարկվելու
Շիրակում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով մեղադրյալ վարորդը հոգեբանական, բժշկական օգնության կարիք ունի
Շիրակում ավտովթարի հետևանքով տուծաժ 14-ամյա ուղևորի վիրահատությունը բարահաջող է անցել
«Ծանրորդ Վանիկ Սարգսյանը բազմաթիվ երազանքներ և ծրագրեր ուներ իրականացնելու». մարզիկն ավտովթարի զոհերից մեկն է
Շիրակի մարզպետը՝ ողբերգական ավտովթարի մասին
Պարզվել է Շիրակի մարզում նախօրեին տեղի ունեցած ՃՏՊ-ի զոհերի ինքնությունը. քննչական կոմիտե
Շիրակի մարզում ավտովթարից զոհվածների ընտանիքներն ու տուժածները կստանան դրամական օգնություն
Նախագահը ցավակցություն է հայտնել Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ
35 աստիճանի այրվածք, բազուկների կոտրվածք, վնասվածքներ. Ի՞նչ վիճակում են Գյումրիի ՃՏՊ-ի վիրավորները
Շիրակում տեղի ունեցած վթարի գործով ձերբակալված կա
ՃՏՊ Շիրակի մարզում` հրդեհի բռնկմամբ. կա 7 զոհ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան