ՄԻԵԴ-ը ՀՀ դեմ եղած գործերով կոնվենցիայի խախտումներ է արձանագրել
Այսօր Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը հրապարակել է ընդդեմ Հայաստանի վճիռներ՝ «Դավթյանն ընդդեմ Հայաստանի», «Հայաստանի Հելսինկյան կոմիտեն ընդդեմ Հայաստանի» գործերով։
«Դավթյանն ընդդեմ Հայաստանի» գործով հայցվոր Արտաշես Դավթյանը ՄԻԵԴ հայց էր ներկայացրել՝ բողոքելով կալանքի տակ գտնվելու ժամանակ ոչ համարժեք բուժօգնությունից։
Դավթյանը ձերբակալվել էր 2003թ․-ի մարտին՝ խոշոր չափերի յուրացումներ կատարելու և կեղծ հաշվապահական փաստաթղթեր օգտագործելու մեղադրանքով, երբ վերջինս 1997-ից 1999թթ․-ներին եղել էր բանկի գործադիր տնօրեն։
Դավթյանը մեղավոր էր ճանաչվել 2005թ․-ին և դատապարտվել 6 տարվա ազատազրկման։ 2006թ․-ի հունիսիսն Դավթյանը պայմանական վաղաժամկետ ազատ էր արձակվել։
Կալանքի տակ հայտնվելուց 1 ամիս հետո բժիշկները խորհուրդ էին տվել կատարել ձայնալարերի նորագոյացության բիոպսիա և հետագա բուժզննում։ Սակայն այս առաջարկություններից ոչ մեկը չէր կատարվել, ինչը 2006թ․-ի մարտին հանգեցրել էր նրա առողջական վիճակի կտրուկ վատթարացման, որից հետո Դավթյանին տեղափոխել էին հիվանդանոց՝ շտապ վիրահատության։
2006թ․-ի մարտին և ապրիլին կատարված 2 վիրահատություններից հետո նրա վիճակը բարելավվում է։
Հայցվորը, հենվելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի վրա՝ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արգելք, պնդում է, որ շարունակվող կալանքը՝ չնայած առողջական վատ վիճակին և առանց բժշկական օգնության, առաջացրել է խիստ ֆիզիկական և հոգեկան ցավ և կյանքը վտանգի տակ է դրել։
ՄԻԵԴ-ում հայցվորը բողոքել է, որ ստացել է միայն սիմպտոմատիկ բուժում՝ մասնագիտացված բուժման փոխարեն մոտ 3 տարի՝ նշելով, որ վիրահատության այսպիսի ձգձգումն արդարացված չէր։
Այս ամենի հիման վրա այսօր հրապարակված վճռով ՄԻԵԴ-ը գտել է, որ խախտվել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածը։ Հայցվորը կստանա 9000 եվրո որպես արդարացի բավարարում, ինչպես նաև 60 եվրո՝ այլ ծախսերի համար։
«Հայաստանի Հելսինկյան կոմիտեն ընդդեմ Հայաստանի»
«Հայաստանի Հելսինկյան կոմիտեն», որը գործով դիմումատուն է, ոչ կառավարական իրավապաշտպան կազմակերպություն է՝ հիմնված Երևանում ։Գործը վերաբերում է կալանավայրում սպանության հետաքնության գործով վկայի մահվան համար սգո երթ անցկացնելու արգելքին։
Միջադեպը, երբ վկան դուրս էր նետվել ոստիկանության բաժանմունքի պատուհանից 2007թ․-ի մայիսի 12-ին, աղաղակ էր բարձրացրել Հայաստանի իրավապաշտպանների և քաղաքացիական հասարակության շրջանում։
Ինչպես նշվում է դատարանի որոշման մեջ, 2008թ․-ի մայիսի 6-ին դիմումատու ՀԿ-ն Երևանի քաղաքապետարանին տեղեկացրել էր, որ ցանկանում է երթ անցկացնել։ Քաղաքապետն արգելել էր երթը՝ ազգային անվտանգության և հասարակական կարգի հիմքերով, որոնք հետևել էին հետընտրական բախումներին, որի ժամանակ եղել էին զոհեր, ինչն էլ հանգեցրել էր ՀՀ նախագահի որոշմանը՝ 2008թ․-ի մարտին 20-օրյա արտակարգ դրություն հայտարարել։
Դիմումատուն, որը չէր ստացել քաղաքապետի որոշման վերաբերյալ նամակը, փորձել էր երթ անցկացնել 2008թ․-ի մայիսի 12-ին՝ ինչպես պլանավորված էր, սակայն ոստիկանությունը կանխել էր երթը։ ՀԿ-ն քաղաքապետի՝ երթի արգելքի վերաբերյալ նամակը ստացել էր 2008թ․-ի մայիսի 13-ին։
ՀԿ-ն, հենվելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածի վրա՝ հավաքների և միավորումների ազատություն, ՄԻԵԴ-ում բողոքել է սգո երթի անցկացման արգելքից։
Այնուհետ, հենվելով Կոնվենցիայի 13-րդ հոդվածի վրա՝ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, ՀԿ-ն նաև բողոքել է, որ արգելքի մասին որոշման ստացումը նախատեսված օրից հետո ոչ միայն անարդյունավետ է, այլ նաև անիմաստ։
ՄԻԵԴ-ը գտել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 11 և 13-րդ հոդվածքների խախտում։ Դիմումատուն, սակայն, արդարացի բավարարման պահանջ չի ներկայացրել։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում