«Մենք փորձում ենք ապացուցել, որ Վարդան Պետրոսյանը գտնվել է ալկոհոլ օգտագործած վիճակում». Հարուցվել է նոր քրգործ
Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի գործով հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ի մասի հատկանիշներով: Panorama.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը:
«Դիմում էի ներկայացրել քննչական կոմիտե այն մասին, որ բժշկական փաստաթղթերում առկա են մի շարք խախտումներ, ջնջումներ, հավանաբար նաև կեղծիքներ: Մարտի 19-ին հարուցվել է քրեական գործ Հայաստանի Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ի մասի հատկանիշներով՝ փաստաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը»,- նշեց փաստաբանը:
Առաջին փաստաթուղթը, Ռ. Բալոյանի խոսքով, «Էրեբունի» բժշկական կենտրոնում լրացված հիվանդության պատմության նկարագիրն է. «Կասկած ենք հայտնել, որ հիվանդության պատմության էջերը փոխվել են, հիվանդության պատմության նկարագրության էջերի տակ բացակայում է դատաբժշկական փորձագետի ստորագրությունը»:
Նա նշեց, որ կասկած են հայտնել նաև Եղվարդի հիվանդանոցում կազմված Վարդան Պետրոսյանի սթափության վիճակի մասին արձանագրության վերաբերյալ, որի երկու օրինակում էլ առկա են բազմաթիվ տարբերություններ, նաև ջնջումներ, ուղղումներ:
Ըստ փաստաբանի, իրենք փորձում են ապացուցել, որ Վարդան Պետրոսյանը ալկոհոլ օգտագործած վիճակում է եղել:
«Ես բազմիցս եմ նշել՝ կասկած կա, որ Վարդան Պետրոսյանը գտնվել է ալկոհոլ օգտագործած վիճակում: Մենք փորձում ենք այս հանգամանքն ապացուցել: Սա է խնդիրը: Մենք գտնում ենք, որ այս գործն ուղղակիորեն կապված է մայր գործի հետ: Եթե փաստն ապացուցվի, տեսնենք, թե դրա շարունակության համար ինչ ճանապարհ կընտրենք»,- ասաց փաստաբան Ռուբեն Բալոյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով Վարդան Պետրոսյանին մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ) նախատեսված հանցագործության կատարման մեջ, նրա նկատմամբ պատիժ է նշանակել` ազատազրկում 5 տարի ժամկետով` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով` 2տարի ժամկետով: Պատժի կրման սկիզբը հաշվել 2013թ. նոյեմբերի 6-ից: Բացի այս, դատավճռով տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ Ռ. Բալոյանի և Զ. Վարդանյանի կողմից ներկայացված քաղ. հայցը թողնվել է առանց քննության:
Տուժող կողմն ու մեղադրող դատախազը վերաքննիչ բողոք են ներկայացրել՝ պահանջելով ավելի խիստ պատիժ նշանակել, ինչպես նաև ամբողջությամբ բավարարել տուժող Տաթևիկ Հակոբյանի առողջությանը պատճառված վնասի մասով ներկայացված հայցապահանջը: Այսօր կայացել է առաջին նիստը, սակայն հետաձգվել է մինչև ապրիլի 21-ը: