Վարդան Պետրոսյանի գործի քննությունը հետաձգվեց
Դերասան Վարդան Պետրոսյանի գործի քննությունը Վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց։ Համապատասխան միջնորդություն ներկայացրեց Վարդան Պետրոսյանի պաշտպան Սամվել Ջաղինյանը:
Նա հայտնեց, որ Վարդան Պետրոյանի ֆրանսիացի պաշտպան Մարի Դոզեն Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը թարգմանված ստացել է մարտի 2-ին, հետևաբար դատարանի վճռի դեմ բողոք ներկայացնելու ժամկետը դեռևս չի սպառվել, ինչպես նաև պաշտպանը վերաքննիչ բողոքները թարգմանված չի ստացել՝ այդպես զրկվելով դրանց վերաբերյալ տեսակետ հայտնելու իրավունքից։
Սամվել Ջաղինյանը խնդրեց հետաձգել դատական նիստը՝ մյուս պաշտպանին հնարավորություն տալով բողոքարկել վճիռը կամ որոշում կայացնել չբողոքարկելու մասին։ Մեղադրողը, տուժողներն ու տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը չառարկեցին: Դատարանը բավարարեց միջնորդությունը։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 21-ին:
Հիշեցնենք, որ դերասան Վարդան Պետրոսյանի գործով վերաքննիչ դատարանում առաջին նիստը նշանակված էր այսօր: Վերաքննիչ բողոք է ներկայացրել և մեղադրող դատախազ Ա. Սարգսյանը՝ պահանջելով ավելի խիստ պատիժ նշանակել, և տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը՝ նույն պահանջով, ինչպես նաև ամբողջությամբ բավարարել տուժող Տաթևիկ Հակոբյանի առողջությանը պատճառված վնասի մասով ներկայացված հայցապահանջը:
Դատարանը վճռաբեկության կարգով է քննության առնում գործը:
Հունվարի 29-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով Վարդան Պետրոսյանին մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ) նախատեսված հանցագործության կատարման մեջ, նրա նկատմամբ պատիժ է նշանակել` ազատազրկում 5 տարի ժամկետով` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով` 2տարի ժամկետով: Պատժի կրման սկիզբը հաշվել 2013թ. նոյեմբերի 6-ից: Բացի այս, դատավճռով տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ Ռ. Բալոյանի և Զ. Վարդանյանի կողմից ներկայացված քաղ. հայցը թողնվել է առանց քննության:
Նախորդող հրապարակում՝
Վարդան Պետրոսյանի գործով վերաքննիչ բողոքը կքննվի վճռաբեկության կարգով