HRW. ԵՄ-ը պետք է ավելի վճռական լինի Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների հարցում
Եվրոպական միությունը մի կողմ է քաշվել, իսկ Ադրբեջանը վճռականորեն առաջ է շարժվում մարդու իրավունքների խախտման ճանապարհով: Անդրադառնալով վերջին շրջանում Ադրբեջանում մարդու իրավունքների զանգվածային խախտումներին` ահազանգում է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:
Ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ սկսվում է ԵՄ հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի այցը Բաքու` իրավապաշտպան կազմակերպությունը շեշտադրում է, որ Ադրբեջանի հետ ԵՄ հարաբերությունները որևէ կերպ չպետք է անտեսեն ադրբեջանական իշխանությունների կողմից սեփական քաղաքացիների նկատմամբ կիրառվող բռնաճնշումների հետ կապված հարցերը:
HRW-ն նկատում է, որ տարիներ շարունակ Բաքուն եվրոպական մարմիններին հասկացնել է տվել, որ նրանց հետ իր հարաբերությունները չպետք է ներառեն մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ, ինչը հանգեցրել է այն վիճակին, որը հիմա նկատվում է Ադրբեջանում:
Այս համատեքստում կազմակերպությունը հիշեցնում է բազմաթիվ ձերբակալված իրավապաշտպանների, լրագրողների, բլոգերների ու մարդու իրավունքների պաշտպանների մասին, ինչպես նաև նրանց գործունեությունը խոչընդոտող ադրբեջանական «վիշապային օրենսդրության» մասին:
Չնայած ադրբեջանական կողմի մերժողական կեցվածքին` իրավապաշտպան կազմակերպությունը ընդգծում է, որ Յոհաննես Հանը պետք է վճռական կոչ անի Ադրբեջանի իշխանություններին` դադարեցնել բռնաճնշումները, փոխել երկրում հաստատված մթնոլորտը և չլռեցնել հանրային քննադատության ձայները: Կազմակերպության կողմից Հանին ներկայացվող պահանջներից է նաև հասնել նրան, որ Ալիևը ազատ արձակի ձերբակալված լրագրողներին և մարդու իրավունքների պաշտպաններին: