Գորիսի միջադեպի գործով դատախազը վկաներին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Գորիսում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործով դատախազի կողմից ցուցում է տրվել բերման կենթարկել բոլոր այն անձանց, որոնք պատշաճ կարգով հրավիրվել են նախաքննական մարմին, սակայն չեն ներկայացել: Այդ մասին տեղեկացնում են Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեական գործ հարուցելուց հետո անցել է 7 օր, սակայն վիճաբանության մասնակիցները կամ վկաները մինչ օրս նախաքննական մարմին չեն ներկայացել, իսկ նրանց հրավիրելու նպատակով ձեռնարկված միջոցառումները եղել են ոչ արդյունավետ, ուստի գործով հսկողություն իրականացնող դատախազը քննչական մարմնին ցուցում է տվել մի շարք անձանց բերման ենթարկելու վերաբերյալ կայացնել որոշումներ:
Տեղեկացնում են նաև, որ միաժամանակ նախաքննական և հետաքննական մամիններին ցուցումներ են տրվել ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները հանցագործության մասնակիցներին հայտնաբերելու, դեպքի հանգամանքները պարզելու և մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Նշենք, որ այս միջադեպում որպես մասնակցի շոշափվում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի անունը: Ավելի վաղ Panorama.am-ը, վկայակոչելով Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը գրել էր, որ մայիսի 2-ին՝ ժամը 21:35-ին, «Գորիս բժշկական կենտրոնից» Ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ նույն օրն իրենց մոտ է տեղափոխվել Հ. Զաքարյանը՝ «աջ աչքի վնասվածք, կոպի պատռվածք» մարմնական վնասվածքով:
Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության աշխատակիցները զեկուցագրեր են ներկայացրել, որ մայիսի 2-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Հ. Զաքարյանը Գորիս քաղաքի կենտրոնական մասում վիճաբանել է Տ. Խաչատրյանի հետ, որից հետո գնացել են Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածք, որտեղ նրանց են միացել նաև այլ անձինք։ Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում Հ. Զաքարյանին աչքի շրջանում պատճառվել է մարմնական վնասվածք:
Սյունիքի մարզային դատախազությունում մայիսի 4-ին հարուցվել է քրեական գործ՝ ինքնությունը չպարզված անձանց կողմից «Սդղի գյոլ» կոչվող տարածքում խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասով։ Քրեական գործը մայիսի 5-ին ստացվել է Գորիսի քննչական բաժնում։
Հարակից հրապարակումներ`
Հարությունի աչքի վիճակը ծանր է. Բժիշկը՝ Սուրիկ Խաչատրյանի որդուց տուժածի մասին
Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ ծեծկռտուքի գործով քննչական կոմիտեն մանրամասներ չի հրապարակում
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան