Գոհար Ենոքյանի հետ քննչական գործողություն իրականացնելու մասին ծանուցում պաշտպանական կողմը չի ստացել. Փաստաբան
Հատուկ քննչական ծառայությունը չի հրապարակում, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ենոքյանին վերաբերող քրեական գործի շրջանակներում ինչ քննչական գործողություններ են կատարվել և արդյոք կատարվե՞լ են, թե՞ ոչ:
«Այս պահին ոչինչ ասել չեմ կարող նախաքննություն է ընթանում», -Panorama.am-ի հարցին ի պատասխան, ասաց ՀՔԾ մամլո խոսնակ Միքայել Ահարոնյանը:
Ինչ վերաբերում է տեղեկություններին, թե ՀՔԾ-ին չի հաջողվում կազմակերպել Գոհար Ենոքյանի և ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) առերեսումը, ապա ՀՔԾ-ի ներկայացուցիչը ոչ հերքեց և ոչ էլ հաստատեց, ասելով. «Ոչինչ չեմ կարող ասել»:
Գոհար Ենոքյանը ձերբակալվել էր մայիսի 4-ին՝ 2014-ի հունիսի 10-ի ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության հատուկ կարևորագույն գործերով քննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 35-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանության նախապատրաստություն) հարուցված քրեական գործի շրջանակներում: ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ 2015 թվականի ապրիլի 3-ին քրեական գործն ուղարկվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննությունը շարունակելու նպատակով:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, քրեական գործի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գոհար Ենոքյանը Արայիկ Ենոքյանի հետ, շահադիտական դրդումներով, Խաժակ Բադալյանի միջոցով Կարո Կարապետյանից վերցրած գումարները հափշտակելու և չվերադարձնելու նպատակով, կատարել են ապօրինաբար Կարո Կարապետյանին դիտավորությամբ կյանքից զրկելու` սպանության նախապատրաստությանն ուղղված գործողություներ, սակայն Արայիկ Ենոքյանը 2012 թվականի մարտի 15-ին խարդախությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու կասկածանքով ձերբակալվել է, և նրանց նախապատրաստած հանցագործությունն ավարտին չի հասցվել` իրենց կամքից անկախ հանգամանքներով: Կատարված հանցավոր արարքի համար մայիսի 7-ին այդ քրեական գործով որոշում էր կայացվել Գոհար Ենոքյանին ներգրավելու որպես մեղադրյալ ՀՀ քր. օր-ի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով:
Ենոքյանների պաշտպան ՀՀ Փաստաբանների պալատի անդամ Գեղամ Հակոբյանը ՀՔԾ քննիչից ստացել է ծանուցում այսօր Արայիկ Ենոքյանի հետ քննչական գործողություն իրականացնելու համար: Սակայն փաստաբանը մեկ ժամից ավելի մեկուսարանում սպասել է քննիչին, բայց նա չի ներկայացել:
«Գնացի մեկուսարան, սպասեցի մեկ ժամից ավելի, չեկավ, ես վերադարձա», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում փոխանցեց փաստաբանը:
Գոհար Ենոքյանի հետ քննչական գործողություն իրականացնելու մասին ծանուցում, Հակոբյանի խոսքով, իրենք չեն ստացել, հետևաբար Յուվեցի Կարոյի հետ առերեսում չէր կարող լինել:
Ինչ վերաբերում է այս գործով նախաքննությանը, ապա փաստաբանն ասաց, որ պաշտպանական կողմը քննության համար որևէ խոչընդոտ չի ստեղծում, իսկ քննությունն էլ տեղում դոփում է:
«Միանշանակ ապօրինի, հորինված գործ է, որևէ փաստ գոյություն չունի, ինչ առաջընթացի մասին կարող էր խոսք լինել», -փոխանցեց փաստաբանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները