Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ միջադեպի ժամանակ 2-րդ տուժողը քթի վնասվածք է ստացել
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցառումներ՝ օբյեկտիվ իրականությունը պարզելու ուղղությամբ:
Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ նախաքննության ընթացքում, ի թիվս այլ անձանց, մայիսի 14-15-ին լրացուցիչ հարցաքննվել է Մուշեղ Զաքարյանը, ով հայտնել է, որ մարմնական վնասվածքներն ստացել է մայիսի 2-ին տեղի ունեցած նշված միջադեպի ժամանակ։
Վարույթն իրականացնող մարմնին տրամադրված նախնական բժշկական տեղեկանքի համաձայն՝ Մ.Զաքարյանի մոտ ախտորոշվել է քթի միջնապատի և քթոսկրի կոտրվածքներ։ Մ.Զաքարյանը ճանաչվել է տուժող և մանրամասն ցուցմունք տվել՝ իրեն մարմնական վնասվածքներ պատճառելու հանգամանքների վերաբերյալ։
Ըստ աղբյուրի, նախաքննական մարմինը շարունակում է ձեռնարկել օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները՝ միջադեպին մասնակից անձանց իրական շրջանակը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։
Տեղեկացնում են, որ քննության արդյունքներով կայացված դատավարական որոշումների մասին հանրությունը կիրազեկվի։
Տուժող ճանաչված 2 անձանց՝ Զաքարյան եղբայրներին, պատճառված մարմնական վնասվածքների ծանրության աստիճանը կորոշվի գործով նշանակված դատաբժշկական փորձաքննությունների արդյունքում։
Ավելի վաղ Panorama.am-ը վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրներին, տեղեկացրել էր, որ Մուշեղ Զաքարյանը, որ մինչ այդ խուսափում էր մասնակցել քննչական գործողություններին, հարցաքննվել է: Նշենք, որ Մուշեղի եղբայրը՝ Հարությունը, նույնպես ավելի վաղ տուժող էր ճանաչվել:
Նախորդող հապարակում՝
Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ միջադեպի գործով տուժող է ճանաչվել նաև 2-րդ անձը