Սուրիկ Խաչատրյանի որդին թաքնվել էր Օդեսայում. Ոստիկանապետը մանրամասներ է ներկայացրել
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգան Խաչատրյանը, Ուկրաինայում էր, Օդեսա քաղաքում: Գյումրիում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը: Այս մասին գրում է «Առավոտը»:
Հիշեցնենք, որ մայիսի 2-ին Սյունիքի մարզպետի որդու մասնակցությամբ Գորիսում ծեծկռտուք էր տեղի ունեցել, ինչի հետևանքով տուժել էին Հարություն և Մուշեղ Զաքարյանները, նրանց առողջությանը վնաս էր հասցվել: Դեպքի առթիվ խուլիգանության հատկանիշներով քրեական գործ էր հարուցվել: Սուրիկ Խաչատրյանի որդին իրավապահների կողմից որպես վկա հարցաքննվելու համար կանչվել էր ոստիկանություն, սակայն ծանուցագիրն ստանալուց հետո նա լքել էր երկիրը: Մայիսի 16-ին ներկայացել է ոստիկանություն:
Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ոստիկանությունը չի կարողացել բերման ենթարկել Սուրեն Խաչատրյանի որդուն, ոստիկանապետն ասել է. «Ոստիկանությունը միշտ կարողանում է ամեն ինչ անել, մենք ունենք մեր ֆունկցիաները, մենք կատարում ենք պատշաճ վիճակում: Պետք է սովորել օրենքով աշխատել, երբ դու անօրինականության դեմը փորձում ես առնել անօրինականությամբ, դու նույն իրավախախտն ես դառնում: Քննչականը ի՛ր ֆունկցիան պիտի կատարի, ոստիկանությունը ի՛ր ֆունկցիան պիտի կատարի , կոնկրետ պետք է սահմանազատվեն դրանք մեկը մյուսից»:
Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, թե Սյունիքի մարզպետի որդին ինքնակամ ներկայացավ ոստիկանություն ճիշտ այն օրը, երբ նախագահ Սերժ Սարգսյանը այցելել էր ոստիկանություն, Վ. Գասպարյանն ասել է, որ ծանոթ է նման անհեթեթ մեկնաբանություններին ու հավաստիացրել է, որ դրանք մեկը մյուսի հետ կապ չունեն:
«Գոնե մի երկու անգամ ես Գյումրիում կրկնել եմ, որ ոստիկանության օպերատիվ փնտրողական գործունեությունը ծավալուն, բազմատեսակ և բազմաբնույթ գործողություններ են, նրանց մեջ մտնում է և համոզելը , և այնպիսի իրավիճակ ստեղծելը, որ հետախուզվողը, փախուստի դիմած մարդը հասկանա, որ իր ճանապարհները փակ են, եթե երկրից դուրս է, էս երկիր մոլորակը բավականին փոքր է, շատ կարճ ժամանակում կհայտնվի մեր մոտ»,- նշել է նա:
Այն հարցին, թե ոստիկանությունը պրոֆեսիոնալ չէ՞ր գործում, որ Սուրիկ Խաչատրյանի որդին հատեց սահմանը, Վ. Գասպարյանն ասել է. «Բացարձակապես, իսկ ու՞ր էր այն մարդը, որ մեղադրվում է, դուք գիտեք, որ 3 օր էլ հայտարարություններ չկային, ոչ մեկը չէր խոսում դրա մասին: Ոստիկանությունը կարող էր անօրինական մեթոդներ օգտագործել, ճնշել ծեծվածներին, ևս մեկ անգամ ճնշել, որպեսի ցուցմունք տային: Ոստիկանությունը չի արել, չի պատրաստվում անել, ե՞րբ պետք է մեր հասարակությունը դադարի գողական մտածելակերպ ունենալ, երբ որ ծեծում են, երբ որ ծեծվում են՝ մենք չենք ասի, գնացեք գտեք…Դու չես ասի, մենք չենք գտնի»:
Լրագրողի հարցին, թե դուք հաճախակի եք ասում, որ գողականներին չեք հանդուրժելու, արտոնյալներ չկան, ո՞նց եք հանդուրժում Սուրեն Խաչատրյանի որդուն, ոստիկանապետն ասել է. «Էլի չեմ հանդուրժում, բայց ո՞վ է ասել, որ Սուրիկ Խաչատրյանի որդուն պետք է կպցնել էդ պիտակները, ստոպ»: