Սուրիկ Խաչատրյանի դեմ կատարվածը բեմադրություն էր. Փոստանջյան
Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ կատարված մահափորձը բեմադրություն էր: Այդ մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը:
«Դա բեմադրություն էր: Այլ կերպ չէր կարող լինել, որովհետև ինքը վերահսկում է Սյունիքի մարզը և իր վրա որևէ մեկը չէր համարձակվի այդպես կրակեր», -հայտարարեց Փոստանջյանը:
Պատգամավորի խոսքով, եթե մտադրություն ունենային սպանել Խաչատրյանին, ապա կգնային ու կսպանեին, այլ ոչ թե ուղղակի կկրակեին. «Հասարակությունը ադեկվատ է ու կհասկանա, որ դա իսկապես բեմադրություն էր»:
Սուրիկ Խաչատրյանի «Լեքսուս LX 570» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ մայիսի 20-ին կրակահերթն արձակվել էր Կապան-Գորիս ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում: Ավտոմեքենայի մեջ եղել են Սուրիկ Խաչատրյանը և ևս երկու հոգի՝ վարորդը և մարզպետի օգնականը: Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (Սպանության փորձ) 2-րդ մասի և 235-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 19 պարկուճ, 3 գնդակի միջուկ։ Քրեական գործով մշակվել են մի շարք աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ իրականացվում են անհրաժեշտ գործողություններ, հարցաքննվել և հարցաքննվում են մի շարք անձինք։ Սյունիքի մարզպետի և ավտոմեքենայի մեջ գտնված մյուս, ինչպես նաև քրեական գործով հարցաքննված մի քանի այլ անձանցից վերցվել են փորձանմուշներ և կրակոցների արգասիքների հետքերի առկայությունը պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ։
Հարակից հրապարակում`
«Աստված փրկեց». Սուրիկ Խաչատրյանը՝ մահափորձից հետո