Տուժող կողմի ներկայացուցիչ. «Վարդան Պետրոսյանի համար ի՞նչ տարբերություն, թե որտեղ բուժման կուրսեր կանցնի Տաթևիկ Հակոբյանը»
Դերասան Վարդան Պետրոսյանի գործով տուժող կողմի համար առաջնային խնդիր է՝ սպառել հայաստանյան ներպետական բոլոր դատական ատյաններն ու դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Panorama.am-ի հետ զրույցում ասաց տուժող կողմի ներկայացուցիչ, ՀՀ Փաստաբանների պալատի անդամ Ռուբեն Բալոյանը:
«Դիմել ենք վճռաբեկ դատարան: Հաշվի առնելով մեր դատական պրակտիկան, կարծում եմ՝ չեն ընդունի: Կընդունեն, թե չեն ընդունի մեր բողոքը, հարցի երկրորդ կողմն է: Դա մեր առաջնային խնիդրը չէ: Մեր առաջնային խնդիրն այն է, որ բոլոր դատական ատյանները սպառենք ու դիմենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան, քանի որ երիտասարդ աղջկա նկատմամբ առաջին ատյանի և վերաքննիչ դատարանները կոպիտ խախտումներ են կատարել՝ հանցագործության պատճառած վնասի փոխհատուցման հայցը քննության չեն առել, որի իրավունքը չունեին: Տաթևիկ Հակոբյանի իրավունքների կոպիտ ոտնահարում է, պարտավոր էին քննության առնել»,- ասաց փաստաբանը:
Ռ. Բալոյանի խոսքով, վերաքննիչ դատարանում Վարդան Պետրոսյանը գրավոր պայմանագրի ձևով առաջարկել էր տուժող կողմին հոգալ Տաթևիկ Հակոբյանի բուժման ծախսերը, սակայն Վճռաբեկ բողոք ներկայացնելուց մեկ շաբաթ առաջ հրաժարվել են ծախսերը հատուցելուց:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռ. Բալոյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ տուժող կողմը Վարդան Պետրոսյանի առաջարկը՝ բուժման ծախսերը հոգալու վերաբերյալ, ընդունել է, միևնույն ժամանակ գրավոր տեսքով անելով իր առաջարկները, մասնավորապես՝ Տաթևիկ Հակոբյանի վերականգնողական բուժման վճարումները պետք է իրականացվի Վ. Պետրոսյանի կողմից մինչև իր վստահորդի լիարժեք ապաքինումը՝ ներառյալ բոլոր ֆունկցիաների վերականգնումը: «Առաջարկել ենք նաև կնքել եռակողմ պայմանագիր՝ Տաթևիկ Հակոբյանի, Վարդան Պետրոսյանի և մեր կողմից առաջարկված վերականգնողական կենտրոնի միջև: Սպասում ենք պատասխանին»,- նշել էր նա:
Նշենք նաև, որ Վ. Պետրոսյանի փաստաբանն արդեն պայմանագիր կնքել էր այն բուժհիմնարկի հետ, որտեղ նախապես տուժող կողմը ցանկանում էր կազմակերպել Տաթևիկի բուժման կուրսերը: Սակայն այժմ տուժող կողմը ցանկանում է, որ Տաթևիկն այլ կենտրոնում անցնի այդ կուրսը: Բուժումը բոլոր դեպքերում Հայաստանում է լինելու:
Թե ինչո՞ւ տուժող կողմը որոշեց ոչ թե նախապես հայտարարած բուժկետրոնում կազմակերպել բուժման կուրսերը, այլ մեկ ուրիշում, Ռ. Բալոյանն ասաց. «Այն գտնվում է Տաթևիկենց տան հարևանությամբ, բացի այդ կարող է ժամը 18:00-ից հետո էլ հաճախել: Սովորում է և աշխատում, ասենք՝ դուրս արի, որ իրենց ուզածով լինի: Իրե՞նք պետք է որոշեն՝ Տաթևիկ Հակոբյանը որտեղ բուժվի: Վարդան Պետրոսյանի համար ի՞նչ տարբերություն, թե որտեղ կբուժվի Տաթևիկ Հակոբյանը: Ինքը պարտավոր է հատուցել այդ վնասը»:
«Նիկոլայ Բաղդասարյանն մամուլով ներկայացրել էր, թե տուժող կողմին կլորիկ գումար է պետք: Հիմա ասում ենք՝ գումար պետք չէ Վարդան Պետրոսյան, քանի որ դու ինքդ ասացիր, թող գնա բուժման կուրսերն անցի, վճարումները կկատարեմ, հիմա էլ ասում է՝ չեմ կատարի: Իրենց մտքին ի սկզբանե չկար վճարում կատարել»,- ասաց փաստաբանը:
Ըստ Ռ. Բալոյանի, տուժող կողմը փաստացի հրաժարվել է հայցադիմումով պահանջվող մոտ 8 միլիոն դրամից այն պայմանով, եթե հիմա Տաթևիկն անցնում է բուժման կուրսերը, իսկ Վարդան Պետրոսյանը փոխհատուցում է գումարը. «Առաջարկեցինք նաև, որ Տաթևիկն էլ պայմանագրի կողմ հանդիսանա: Մերժեցին: Իրենց դուրը չեկավ: Թե ի՞նչ կար դուր չգալու, ինձ անհայտ է մնացել»:
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով Վարդան Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ) նախատեսված հանցագործության կատարման մեջ: Նրա նկատմամբ պատիժ է նշանակել` ազատազրկում 5 տարի ժամկետով` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով` 2տարի ժամկետով: Պատժի կրման սկիզբը հաշվել 2013թ. նոյեմբերի 6-ից: Դատավճռով տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ Ռ. Բալոյանի և Զ. Վարդանյանի կողմից ներկայացված քաղ. հայցը թողնվել էր առանց քննության: Վերաքննիչ բողոք էր ներկայացրել և մեղադրող դատախազ Ա. Սարգսյանը՝ պահանջելով ավելի խիստ պատիժ նշանակել, և տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը՝ նույն պահանջով, ինչպես նաև ամբողջությամբ բավարարել տուժող Տաթևիկ Հակոբյանի առողջությանը պատճառված վնասի մասով ներկայացված հայցապահանջը: Մայիսի 5-ին վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց դերասան Վարդան Պետրոսյանի գործով առաջին ատյանի դատարանի որոշումը:
Նախորդող հրապարակումներ՝
«Ի՞նչ եռակողմ պայմանագիր». Վարդան Պետրոսյանի փաստաբանը հակադարձում է Ռուբեն Բալոյանին
Դերասան Վարդան Պետրոսյանի առաջարկը տուժող կողմն ընդունել է. Փաստաբան