Թիվ 125 դպրոցի ուսուցիչը հայտնվել է դատարանում` աշակերտին հարվածելու համար
Երևանի դպրոցներից մեկում արտառոց դեպք է տեղի ունեցել. ֆիզկուլտուրայի ուսուցիչը համապատասխան համազգեստով դասին չներկայանալու համար պատժել է աշակերտներին ու կանգնել դատարանի առաջ:
Panorama.am-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ ուսուցիչ 30-ամյա Լևոն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել, քանի որ նա մարտի 30-ին Ս. Բյուրատի անվան թիվ 125 հիմնական դպրոցի մարզադահլիճում, համապատասխան համազգեստով դասին չներկայանալու համար 7բ դասարանի աշակերտներ Հայկ Գ.-ին, Դավիթ Ա.-ին և Հենրիկ Ս.-ին հրահանգել է մարզադահլիճի մուտքից դեպի աջ ընկած հատվածում գետնի վրա հենում պառկած դիրք ընդունել:
Ըստ մեղադրանքի, Հայկ Գ.-ն չի կարողացել նրա ասած դիրքով մնալ և ոտքերի ծնկների հատվածը դրել է գետնին, ինչի համար Լ. Գևորգյանը մոտեցել է երեխային և բռունցքով հարվածել նրա աջ ուսագոտու հետին մակերեսին: Հարվածի հետևանքով Հայկ Գրիգորյանը մարմնական վնասվածք է ստացել:
Գևորգյանին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով` ծեծը: Նա նախկինում դատված է և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Այս քրեական գործը Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթ ընդունվել է հունիսի 10 և կքննվի դատավոր Լևոն Ավետիսյանի նախագահությամբ:
Թիվ 125 դպրոցից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ Լևոն Գևորգյանը աշխատում է դպրոցում 2009 թվականից, ֆիզկուլտուրայի ուսուցիչ է:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները