Բարեփոխումների արդյունքում հնարավոր կլինի ազատազրկում պատժատեսակն ավելի քիչ կիրառել. նախարար
Քրեական և Քրեադատավարական նոր օրենսդրության ընդունմամբ հնարավոր կլինի ազատազրկում պատժատեսակը մարդկանց նկատմամբ ավելի քիչ կիրառել: Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ պատասխանելով հարցին, թե վիճակագրության համաձայն ազատազրկում պատժատեսակը Հայաստանում շատ է կիրառվում, ո՞րն է պատճառը՝ դատավորներն այլընտրանք չունեն, թե չեն ցանկանում այլ պատժատեսակներ նշանակել:
«Խնդիրը պայմանավորված է ոչ միայն պրոբացիայի ծառայության բացակայությամբ, նաև Քրեական և Քրեադատավարական օրենսդրությամբ, մասնավորապես պատժի պայմանական չկիրառելու և պատժից պայմանական վաղակետ ազատելու ինստիտուտների հետ: Բարեփոխումների արդյունքում այս ինստիտուտներն ավելի ակտիվ կկիրառվեն, հատկապես պայմանական վաղակետ ազատումը, ինչն էլ հնարավորություն կտա ձերբազատվել ազատազրկում պատժատեսակը մարդկանց նկատմամբ շատ կիրառելուց»,- նշեց նախարարը:
Հ. Մանուկյանի խոսքով, Քրեական նոր օրենսգիրքը ենթադրում է, որ կլինի պատիժների ավելի արդյունավետ համակարգ, որը հնարավորություն կտա դատարաններին ավելի շատ կիրառել ազատազրկումից զատ այլ պատիժներ:
Քրեադատավարական օրենսդրությունը, ըստ նախարարի, նախատեսելու է խափանման միջոցների արդյունավետ համակարգ, ավելի ընդլայնվելու են խափանման միջոցների տեսակները, հնարավորություն է ստեղծվելու խափանման միջոցների համադրելի կիրառության, ինչը հնարավորություն կտա կալանքի ծավալները նվազեցնել:
Հովհաննես Մանուկյանը նշեց, որ դատական պրակտիկայի փոփոխության խնդիր էլ կա՝ կապված արդեն կոնկրետ դատավորների, նրանց գործունեության ձևից. «Այստեղ աշխատանք ունենք կատարելու դատավորների հետ, մասնավորապես նոր օրենսդրությանը ծանոթացնելու, վերապատրաստման համապատասխան դասընթացներ իրականացնելու: Ենթադրվում է, որ համապատասխան օրենքների ընդունումից հետ Իրավաբանական ակադեմիայում մենք կիրականացնենք այդ ամենը»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում