ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի թեկնածուին երաշխավորելը կարող է ուղղորդող լինել, բայց ոչ վերջնական. Ալվինա Գյուլումյան
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավորի պաշտոնի համար պայքարող երեք թեկնածուներն էլ արժանի թեկնածուներ են: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ, ՄԻԵԴ-ում Հայաստանը ներկայացնող նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը` պատասխանելով թեկնածուների մասին մեր հարցին:
«Մնացածը պառլամենտական վեհաժողովի խնդիրն է. ընտրություն է, քաղաքական գործիչներ են, թե ում առավելությունը կտան, դա չի նշանակում, որ նրանցից որևէ մեկը մյուսի նկատմամբ առավել պատրաստված է: Երեք թեկնածուներն էլ, այսպես ասած, կանաչ լույսը վառել են, թողել են մասնակցել ընտրությանը»,- հավելեց տիկին Գյուլումյանը:
Ինչ վերաբերում է Դատավորների ընտրության հանձնաժողովի կողմից մեկ թեկնածու երաշխավորելուն, Գյուլումյանն ասաց, որ դա ընդամենը Հանձնաժողովի կարծիքն է:
«Դա Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովի համար կարող է ուղղորդող լինել, բայց ոչ վերջնական, վճռորոշ»,-նշեց ՍԴ անդամը` ընդգծելով, որ Վեհաժողովը ներկայացվող երեք թեկնածուների միջից կատարում է փակ գաղտնի ընտրություն:
Դատավորների ընտրության հանձնաժողովի կողմից երաշխավորված թեկնածու Արմեն Հարությունյանի մասնագիտական կարողությունները գնահատելու մասին հարցը, տիկին Գյուլումյանը տգեղ համարեց և հավելեց. «Այդ թեկնածուին Հանձնաժողովի կողմից առավելություն է տրվել, բայց ես կրկնում եմ` երեք թեկնածուներն էլ արժանի թեկնածու են: Ոչ մեկին չեմ կարող առանձնացնել»:
ՄԻԵԴ-ում որպես նախկին դատավոր տիկին Գյուլումյանը հրաժարվեց ապագա դատավորին մամուլով խորհուրդներ տալ և ասաց. «Ես կարծում եմ, որ ով էլ ընտրվի դատավոր, համենայնդեպս մի քաղաքավարության այց կկատարի, մենք կհանդիպենք, և խորհուրդները, եթե հարկ կհամարի, անձամբ իրեն կուղղեմ և ոչ թե մամուլով»:
Հիշեցնենք, որ Հայաստանի կողմից ՄԻԵԴ դատավորի պաշտոնում առաջադրվել էին Արմեն Հարությունյանը, Արա Ղազարյանը և Լիանա Հակոբյանը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավորների ընտրության հանձնաժողովը Փարիզում կայացած նիստի ժամանակ Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանին երաշխավորել էր Եվրադատարանում Հայաստանի դատավորի պաշտոնում:
Առնչվող նյութեր`
Մեկնարկել է ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի ընտրությունը
ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի 3 թեկնածուները պատշաճ կերպով են ներկայացել. Արփինե Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան