Փաստաբանը սպասում է Պերմյակովին ՀՀ իրավապահներին փոխանցելու մասին պաշտոնական ծանուցման
Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի հետ կատարված ողբերգական գործով նախաքննությունը, որը կատարվում էր և հայկական, և ռուսական կողմում, կմիացվի, իսկ մեղադրյալ Վալերի Պերմյակովը կփոխանցվի հայկական կողմին: Այդ մասին Panorama.am-ին ասաց Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Երվանդ Վարոսյանը` հիմնվելով հունվարի 26-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արած հայտարարության վրա:
Նշենք, որ նախագահի լրատվական ծառայության հաղորդմամբ, Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում նախագահը երախտագիտություն էր հայտնել Ռուսաստանի իրավապահ մարմիններին և, մասնավորապես՝ դատախազությանը այս տարի հունվարին Գյումրիում կատարված անմարդկային հանցագործության հետաքննության կազմակերպման հարցերով Հայաստանի դատախազության հետ արդյունավետ փոխգործակցության համար:
«Սպանության մասով գործը Հայաստանի քննչական կոմիտեի վարույթ հանձնելու որոշումը և Հայաստանի համապատասխան ատյանի կողմից հետագա դատաքննությունը, ըստ Հանրապետության Նախագահի, անկասկած, արտացոլում է գործընկերության և եղբայրության ոգին և լիովին համապատասխանում է Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի կարգավիճակի մասին հայ-ռուսական համաձայնագրի դրույթներին»,-ասել էր ՀՀ նախագահը:
Փաստաբան Վարոսյանը չի շտապում գնահատականներ տալ, քանի որ իր խոսքով, իրենց անհրաժեշտ է մեղադրյալին, ինչպես նաև քրեական գործը փոխանցելու մասին պաշտոնական փաստաթուղթ:
«Եթե ռուսական կողմում վարած նախաքննությամբ քրեական գործը միանա մեր վարույթում քննված գործին, ապա պետք է այդ մասին լինի պաշտոնական փաստաթուղթ, քննչական կոմիտեի քննիչները պետք է մեզ հրավիրեն, տեղեկացնեն ու ծանոթացնեն գործին», -հավելեց փաստաբանը` ընդգծելով, որ Ավետիսյանները շատ էին ուզում, որ մեղադրյալի դատաքննությունը լիներ Հայաստանում:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 12-ին ինքնաձիգից արձակած կրակոցներով սպանվել էին Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 188 տան բնակիչներ՝ 1961-ին ծնված Սերյոժա Ավետիսյանը, 1959-ին ծնված Հասմիկ Ավետիսյանը, 1979-ին ծնված Աիդա Ավետիսյանը, 1981-ին ծնված Արմեն Ավետիսյանը, 1990-ին ծնված Արաքսյա Պողոսյանը: Տան փոքրիկ բնակիչը` 2014-ին ծնված Սերյոժա Ավետիսյանը, հրազենային վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ 7 օր մնալուց հետո մահացավ: Կատարվածի համար մեղադրվում է ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը:
Հարակից հրապարակումներ`
Ստացվել են Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործով նշանակված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները
Ավետիսյանների տուն կարող են մուտք գործել նախաքննական մարմնի գիտությամբ և թույլտվությամբ. ՔԿ
Փոքրիկ Սերյոժային մայրը մարմնով է պաշտպանել. Մանրամասներ ողբերգական դեպքից (տեսանյութ)
Ավետիսյանների գործով աննախադեպ իրավիճակ է ստեղծվել. Գևորգ Կոստանյան
Փորձաքննության եզրակացություն. Վալերի Պերմյակովն առողջ է