Հրաչյա Հարությունյանին ՌԴ-ից փոխանցելու ժամկետները դեռ հայտնի չեն
Ռուսաստանի Պոդոլսկի շրջանի 2013-ին «Կամազ» մակնիշի բեռնատարով վթարի գործով 6 տարի 9 ամիս ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու հարցով ՀՀ արդարադատության նախարարությունը ռուսական կողմից դեռ նորություն չունի: Այդ մասին Panorama.am-ին փոխանցեցին նախարարության լրատվական ծառայությունից: Ասացին նաև, որ փոխանցման վերաբերյալ հստակ ժամկետներ չկան և մշտապես կապի մեջ են ռուս գործընկերների հետ:
Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը «Արմենիա» հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, որ իր և ՌԴ գլխավոր դատախազի միջև պայմանավորվածություն է եղել, որ Հրաչյա Հարությունյանը պատիժը կրի Հայաստանում, քանի որ նա ՀՀ քաղաքացի է: «Այդ հարցի կապակցությամբ ևս կարող ենք փաստել, որ ունենք արդյունք», -ասել էր Կոստանյանը:
Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը, որն իր «Կամազ» մակնիշի մեքենայով 2013-ի հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ, դատապարտվել է 6 տարի ու 9 ամիս ազատազրկման: Դատավճռի համաձայն, Հրաչյա Հարությունյանը մեղավոր է ճանաչվել երկու հոդվածներով, այն է` ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ և կեղծ փաստաթղթի օգտագործումը:
Դատապարտյալների փոխանցման մասին կոնվենցիայի 3-րդ հոդվածը սահմանում է փոխանցման պայմանները.
դատապարտյալը կարող է փոխանցվել միայն հետևյալ պայմանների առկայության դեպքում. ա) տվյալ անձը Կատարող պետության քաղաքացի է,
բ) դատավճիռը վերջնական է,
գ) փոխանցման մասին խնդրանքն ստանալու պահին պատիժը կրելու համար դատապարտյալին մնացել է առնվազն վեց ամիս ժամկետ, կամ պատժի ժամկետն անսահմանափակ է,
դ) փոխանցումը համաձայնեցված է դատապարտյալի հետ, կամ երկու Կողմերից որևէ մեկը, ելնելով դատապարտյալի տարիքից, ֆիզիկական կամ հոգեկան վիճակից, անհրաժեշտ է համարում փոխանցումը համաձայնեցնել նրա օրինական ներկայացուցչի հետ,
ե) գործողությունը կամ անգործությունը, որի համար դատավճիռ է կայացվել, հանցագործություն է համարվում ըստ Կատարող պետության օրենսդրության կամ այդպիսին կհամարվեր, եթե հանցագործությունը կատարվեր այդ պետության տարածքում,
զ) Դատապարտող և Կատարող պետությունների միջև համաձայնություն է ձեռք բերվել փոխանցման վերաբերյալ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան