Արա Բուդաղյանի նկատմամբ պատրաստվում են մեղադրանք առաջադրել. Ալումյան
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ կատարված մահափորձի գործով ձերբակալված Արա Բուդաղյանի նկատմամբ պատրաստվում են վաղն առավոտյան մեղադրանք առաջադրել: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Արա Բուդաղյանի պաշտպան, Փաստաբանների պալատի անդամ Հայկ Ալումյանը:
Նա տեղեկացրեց, որ չնայած ձգձգումներին, իրեն այնուամենայնիվ այսօր հաջողվել է ԱԱԾ մեկուսարանում հանդիպել իր պաշտպանյալ Արա Բուդաղյանին և խոսել նրա հետ:
«Ես այսօր առավոտյան հանդիպել եմ Բուդաղյանի հետ, և նա հայտարարում է, որ կասկածանքները ծայրահեղ անորոշ են, ինքը լիարժեք հերքում է դրանք»,- փոխանցեց պաշտպանը:
Ավելի վաղ Panorama.am-ը, վկայակոչելով ԱԱԾ լրատվական կենտրոնի տարածած հաղորդագրությունը, տեղեկացրել էր, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ կատարված մահափորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում հուլիսի 3-ին ձերբակալվել են ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչներ՝ Գարեն Ռոմիկի Աթաջանյանը , Հենրիկ Շահենի Ավագյանը և Գորիս քաղաքի բնակիչներ՝ Վիտալի Վլադիմիրի Մինասյանը և Արա Էմիլի Բուդաղյանը:
Վաղը կլրանա 72-ժամյա ժամկետը կասկածյալների նկատմամբ մեղադրանք առաջադրելու կամ չառաջադրելու համար:
Նախորդող հրապարակումներ
Հայկ Ալումյանին երեկ այդպես էլ թույլ չեն տվել տեսակցել Բուդաղյանի հետ
Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ մահափորձի գործով ձերբակալվել է Արա Բուդաղյանը և ևս 3 անձ. ԱԱԾ