«Ջըր-ցան, ջըր-ցան». «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները փակել են կենտրոնական փողոցը
«Վո-վա սթափ-վիր», «Վո-վա սթափ-վիր» բացականչություններով «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունն անցկացնում է երթ դեպի ՀՀ գլխավոր դատախազություն: Երթը մեկնարկել է Մոսկվա կինոթատրոնի մոտից: Իրավապահ մարմիններից նախաձեռնության անդամները պահանջում են պատժել հունիսի 23-ին խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններին:
Նախաձեռնության անդամներից Մաքսիմ Սարգսյանը հայտարարեց, որ իրենք դատախազության մոտ պահանջելու են պատժել և հրաման տված, և հրամանը կատարած ոստիկաններին:
«Երեկ ոստիկանությունը հայտարարեց, որ ոստիկանության որոշ աշխատակիցների հանդեպ տույժեր են կիրառվել, մի հոգու պաշտոնն է իջեցվել, բայց դա մեզ չի բավարարում: Այն, ինչ կատարվեց ամսի 23-ին, ապա նաև հուլիսի 6-ին, սրիկայություն էր: Համակարգը պետք է մաքրվի բոլոր սրիկաներից, որոնք հրաման են տվել, և նրանցից, որոնք ֆիզիկական բռնություն են կիրառել, հայհոյել են, ուժ են կիրառել քաղաքացիների և լրագրողների նկատմամբ»,- ասաց Մաքսիմ Սարգսյանը:
Նրա խոսքով, իրենք պահանջում են նաև քրեական գործ հարուցել ոչ միայն լրագրողների նկատմամբ բռնության դեպքով, այլ նաև քաղաքացիների:
Երկար քայլելուց հետո նախաձեռնության անդամները նստեցին Մաշտոց-Ամիրյան փողոցների խաչմերուկում ու սկսեցին բացականչել՝ «Ջըր-ցան, ջըր-ցան, Մենք ենք տերը մեր երկրի»:
«Պետք է անհապաղ տրվեն երաշխիքներ, որ պատժվելու են 200-ից ավել քաղաքացիներին ոստիկանություն տարած ու քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանները»,- հայտարարեց Մաքսիմ Սարգսյանը՝ ասելով, որ հենց այստեղ նստացույցը հանպատրաստից էր ու չէր ծրագրվել նախապես: Նրանցից ոմանք ասացին, որ հնարավոր է էդպես նստած մնան՝ մինչև իրենց երաշխիքներ չտրվեն: