Սուրիկ Խաչատրյանի մահափորձի գործով դեռ շատ խաղաքարտեր կբացվեն. Փաստաբան
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով ամենամեծ վտանգի տակ այս պահին գործով մեղադրյալ կապանցի Հենրիկ Ավագյանի ընտանիքն է: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ավագյանի պաշտպան, Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Սյուզաննա Խչեյանը:
Ավագյանի ծեր մոր, կնոջ և անչափահաս երեխաների համար պաշտպանության միջոց կիրառելու միջնորդությունը Ավագյանն ու նրա փաստաբանը ԱԱԾ քննչական վարչությանը ներկայացրել են հուլիսի 10-ին և դեռ պատասխանի են սպասում: Փաստաբան Խչեյանի խոսքով, նրանք հաստատապես որոշեցին դիմել այդ քայլին նույն գործով մյուս մեղադրյալ Գարեն Աթաջանյանի որդու` Մհեր Աթաջանյանի նկատմամբ կատարված հարձակումից հետո:
«Նախ նա մտավախություն ուներ, որ ձերբակալվելուց և կալանավորվելուց հետո փաստացի նրա ընտանիքը մնաց մենակ Կապանում: Դրան հաջորդեց Գարեն Աթաջանյանի որդու նկատմամբ կատարված վենդետան: Այսինքն` այդ մարդու մտավախությունը ռեալ էր, իսկ եթե հաշվի առնենք, որ մեղադրանքի կողմի ամենածանր բեռը այս պահի դրությամբ ընկած է իմ պաշտպանյալի ուսերին, ապա ամենամեծ վտանգի տակ նրա ընտանիքն ու հարազատներն են գտնվում»,-մեզ հետ զրույցում ասաց փաստաբանը` ներկայացնելով միջնորդության հիմքերը:
Խչեյանը նաև ասաց, որ իր պաշտպանյալը ընդհանրապես, ոչ ցուցմունք է տալիս, ոչ մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում է հայտնում: Ինչ վերաբերում է գաղտնալսված հեռախոսային խոսակցություններին, որոնք հիմք էին հանդիսացել, որպեսզի բոլոր 4 մեղադրյալներին սկզբում ձրբակալեն, հետո մեղադրանք առաջադրեն ու կալանավորեն, Սյուզաննա Խչեյանն ասաց, որ դրանք արվել են մահափորձից մեկ և կես ամիս անց ու իրենց տրմադրված ձայնագրություններում դեպքին առնչվող ոչինչ չկա:
«Դրանք որևէ կերպ առնչություն չունեն առաջադրված մեղադրանքի հետ», -նկատեց փաստաբանը:
Մեր հարցին, թե հնարավո՞ր է այնուամենայնիվ, նախաքննական մարմնի մոտ լինի ավելին, քան ներկայացվել է կողմերին, փաստաբանը պատասխանեց. «Այս գործով նախաքննությունը դեռ նոր է սկսվում, դեռ շատ խաղաքարտեր կամաց-կամաց կբացվեն` թե մեր կողմից, թե իրենց կողմից, այնպես որ, ինտրիգը դեռ առջևում է այս գործով»:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Սուրիկ Խաչատրյանի դեմ մայիսի 20-ին տեղի ունեցած մահափորձի գործով 4 մեղադրյալներն են`Գարեն Աթաջանյանը, Հենրիկ Ավագյանը, Վիտալի Մինասյանը և Արա Բուդաղյանը:
ԱԱԾ-ից տեղեկացրել էին, որ Հենրիկ Ավագյանին մեղադրանք է առաջադրել սպանության` պատվերով, ապօրինաբար երկու և ավելի անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու փորձ կատարելու (ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետեր), ինչպես նաև ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու, կրելու և պահելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մաս):
Գարեն Աթաջանյանին մեղադրանք է առաջադրել սպանության` պատվերով ապօրինաբար երկու և ավելի անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու փորձին օժանդակելու (ՀՀ քրեական օրենսգրքի 38 -34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետեր), ինչպես նաև ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մաս):
Վիտալի Մինասյանին մեղադրանք է առաջադրել սպանության` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ պատվերով կյանքից զրկելու փորձին օժանդակելու (ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետ), ինչպես նաև ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մաս):
Արա Բուդաղյանին մեղադրանք է առաջադրել սպանության` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ պատվերով կյանքից զրկելու փորձի դրդչության համար (ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետ):
Հարակից հրապարակումներ`
Արա Բուդաղյանի նկատմամբ պատրաստվում են մեղադրանք առաջադրել. Ալումյան
Կազմվել է Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձ կատարած անձի ֆոտոռոբոտը
Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ մահափորձի գործով ձերբակալվել է Արա Բուդաղյանը և ևս 3 անձ. ԱԱԾ
«Բացարձակ կամայականություն էր». Փաստաբանը բողոքարկելու է Բուդաղյանին կալանավորելու մասին որոշումը
«Լիսկայի» դեմ մահափորձի գործով փաստաբանը միջնորդում է պաշտպանության միջոց տրամադրել Ավագյանի ընտանիքին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան