Սահմանադրությամբ երկրի կառավարման մոդելի հստակեցումը ժամանակի պահանջն էր. Ռուստամ Մախմուդյան
Սահմանադրական իրավունքի մասնագետ, Իրավաբանական գիտությունների թեկնածու Ռուստամ Մախմուդյանը պնդում է, որ Հայաստանում սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը կար հենց միայն երկրի կառավարման մոդելը հստակեցնելու համար:
«Սահմանադրությամբ երկրի կառավարման մոդելի հստակեցումը ժամանակի պահանջն էր, քանի որ անցումային փուլում գտնվող մեր երկրի համար դա անհրաժեշտ էր»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մախմուդյանը` մեկնաբանելով հանրության քննարկմանը ներկայացված Սահմանադրության նախագիծը:
Փաստաթուղթը, ըստ Մախմուդյանի, «հասարակության հոգեկերտվածքին շատ մոտ է» և այն քննարկելն ու քննադատելը պետք է արվի գործող Սահմանադրության ու դրա տված հնարավորությունների համատեքստում:
«Կառավարման խորհրդարանական մոդելի պարագայում առյուծի բաժինը պետք է դրվի խորհրդարանի վրա: Մնում է ունենալ առողջ քաղաքական գաղափարախոսությամբ ձևավորված պառլամենտ, որտեղ էլ իրենք իրենց ներսում զսպումների ու հակակշիռների մեխանիզմների միջոցով կկարողանան կառավարումն իրականացնել», - հավելեց Մախմուդյանը:
Նրա կարծիքով, երկրում ներդրվող խորհրդարանական կառավարման մոդելը զայրույթի կամ քննադատության առարկա չպետք է դառնա: Ինչ վերաբերում է նախագծի ընդդիմախոսների պնդումներին, թե նախագիծը իշխանությունների համար անվերջ վերարտադրվելու համար հող է նախապատրաստում, ապա Մախմուդյանի խոսքով, վերարտադրվելու ցանկություն ունեցող քաղաքական ուժը եթե ցանկանա վերարտադրվել, ապա գործող Սահմանադրության պարագայում էլ կարող է դա անել:
«Սահմանադրությունը որևէ քաղաքական ուժի կամ գործող իշխանության համար ստեղծվող փաստաթուղթ չէ և չպետք է լինի: Դա պատմական փաստաթուղթ է», -հավելեց սահմանադրական իրավունքի մասնագետը:
Նրա պնդմամբ, փաստարկված չեն այն հայտարարությունները, որոնց համաձայն Սահմանադրության նախագծում «վտանգավոր դրույթներ կան»:
«Այդ բառը տեղին չէ, միգուցե վիճահարույց են ձևակերպումները կամ թերի են կամ նույնիսկ` անտեղի: Բայց ինստիտուցիոնալ ու գաղափարային առումով, կարծում եմ, ամբողջովին բարեփոխված Սահմաանդրություն է ներկայացված: Մենք մերժողականության սինդրոմով ենք տառապում: Դեռ նախագծի 7 գլուխն է պատրաստ ու մենք չգիտենք, թե անցումային դրույթներն ինչ են նախատեսել ու այդ պարագայում, մի փոքր շտապում ենք կտրուկ և մերժողական դատողություններ անելով», -հավելեց Ռուստամ Մախմուդյանը:
Անդրադառնալով Սահմանադրությամբ ներմուծվող նոր դրույթին, որի համաձայն ազգային փոքրամասնության ներկայացուցիչները ևս պետք է ներկայացված լինեն խորհրդարանում, ազգությամբ եզդի Մախմուդյանն ասաց, որ այդ բարեփոխումը ողջունելի է:
«Նախագիծը դեռ պետք է հավանության արժանանա հասարակության կողմից, և հետո միայն Ընտրական օրենսգրքով կկարգավորվի հարցը, թե ինչ թվաքանակով ու ինչ համամասնությամբ պետք է ներկայացված լինեն փոքրամասնությունները խորհրդարանում»,-հավելեց նա:
Հարակից հրապարակումներ`
Սահմանադրության նախագծում ամեն ինչի մեջ տրամաբանություն կա, մնում է լավ աշխատեցնել. Գագիկ Ղազինյան
Արա Զոհրաբյան. Ապագա Սահմանադրությունը, ընդունվելու դեպքում, չպետք է տեղ թողնի նույնասեռ ամուսնությունների համար
Վենետիկի հանձնաժողովը աննախադեպ գոհունակություն է հայտնել Սահմանադրության նախագծի վերաբերյալ. Արա Ղազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան