Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ հանդիպմանը ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը կմասնակցեն, ՀԱԿ-ում դեռ չգիտեն
Վենետիկի հանձնաժողովի անդամները Երևանում կուսակցությունների հետ առանձին-առանձին հանդիպումներ չեն ունենա: Առաջիկա երեքշաբթի հանձնաժողովի փորձագետները ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետում միասնական ձևաչափով կհանդիպեն հասարակական ու քաղաքական գործիչների հետ՝ քննարկելու սահմանադրական բարեփոխումների նախագիծը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը Panorama.am-ին հայտնեց, որ ինքն ու գործընկերներն անպայման մասնակցելու են նախատեսված քննարկմանը. «Մի քանի օր առաջ ես գրավոր դիմել էի հանձնաժողովի նախագահ Բուքիքիոյին՝ ակնկալելով, որ Հայաստանում իրենք կնախաձեռնեն մեր ու այլ քաղաքական ուժերի հետ հանդիպումներ, որովհետև շատ կարևոր է, որ մենք ինքներս հանձնաժողովի մասնագետների հետ քննարկենք մի քանի խնդրահարույց դրույթներ, որոնք նաև Վենետիկի հանձնաժողովի անդամների մտահոգությունների ու դիտարկումների տիրույթում են, կլսենք մասնագետներին, կփորձենք հասկանալ իրենց դիտարկումները, իրենց համար ընդունելի ու մտահոգիչ դրույթները»:
ԲՀԿ-ական պատգամավորը մասնավորապես հարցեր ունի ընտրությունների երկորդ փուլի անցկացման վերաբերյալ. «Այնտեղ շատ անհստակ մեխանիզմներ են աշխատելու, բազմաթիվ հարցեր կան, անհրաժեշտություն կա դա քննարկել Վենետիկի փորձագետների հետ, այնուհետև պետք է հասկանալ Սահմանադրական բարեփոխումների մեր հանձնաժողովը ո՞ր առաջարկն է ընդունելու, ո՞րն է մերժելու: Խորհրդարանում նախագիծը քննարկվելուց հետո, բնականաբար տրվելու է ժամանակ՝ առաջարկություններ ներկայացնելու համար: Եզրափակիչ ելույթում զեկուցողը կամփոփի, Վենետիկի հանձնաժողովի ու քաղաքական ուժերի կողմից ներկայացված առաջարկություններից որոնք են ընդունել»:
Օրենսդիր մարմնի ներկայացուցիչը կարծում է, որ ներկայացված փաթեթը դեռ փոփոխությունների ենթարկվելու է. «Երբ մենք կունենանք վերջնական տեքստը, որը խորհրդարանում դրվելու է քվեարկության, իսկ ես կարծում եմ, որ դա կլինի հոկտեմբերի առաջին քառօրյայում, այդ ժամանակ, կարծում եմ, ավելի հստակ կլինի բոլոր քաղաքական ուժերի, այդ թվում նաև «Բարգավաճ Հայաստան»-ի դիրքորոշումը»:
Խորհրդարանում ներկայացված Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Լյուդմիլա Սարգսյանը Panorama.am-ին ասաց, որ երեքշաբթի կայանալիք հանդիպմանը մասնակցելու հրավեր չի ստացել. «Երբ կլինի առաջարկ, այն ժամանակ կմտածեմ»:
Սարգսյանը տեղեկություններ չունի, թե իրենց խմբակցության այլ անդամներ նման հրավեր ստացե՞լ են, թե՞ ոչ. «Խմբակցությունը դեռ չի հավաքվել»:
Հարցին, թե երբ է խմբակցությունը նիստ անցկացնելու, Սարգսյանը պատասխանեց՝ «տեղյակ չեմ»:
«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը Panorama.am-ին ասաց, որ հանդիպմանն անպայման կմասնակցեն ու կներկայացնեն իրենց տեսակետները. «Մեր մոտեցումը հայտնի է, մենք ներկայացրել ենք սկզբունքային 5 առաջարկություններ, բայց մենք ունենք բազմաթիվ հարցեր տարբեր հոդվածների վերաբերյալ»:
«Ժառանգություն» խմբակցության անդամներ Զարուհի Փոստանջյանին, Թևան Պողոսյանին ուղղված հեռախոսազանգերն անպատասխան մնացին, իսկ Ռուբիկ Հակոբյանն էլ ասաց, որ այսօր խոսել չի կարող:
Հիշեցնենք, որ ՀՀ Նախագահը հանձնարարել է Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին շարունակել երկխոսությունը «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողովի) հետ, վերջինիս նախնական կարծիքում ներկայացված այն հարցերի շուրջ, որոնց առնչությամբ դեռևս փոխհամաձայնեցված լուծումներ չկան: Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը օգոստոսի 20-ի ամփոփիչ նիստում որոշել է հաստատել Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը՝ կից հիմնավորումներով, և այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին: Նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին ՀՀ Ազգային ժողով է ուղարկել Սահմանադրության փոփոխությունների նախագիծը:
Նախորդող հրապարակումներ՝
Վենետիկի հանձնաժողովը Երևանում կլինի օգոստոսի 24-ին
ԱԺ-ն ստացել է ՀՀ նախագահի կողմից ուղարկված Սահմանադրության փոփոխությունների նախագիծը
Նախագահն Ազգային ժողով է ուղարկել Սահմանադրության փոփոխությունների նախագիծը
Հաստատվել է Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան