Սահմանադրության նախագիծը մեծացնում է ժողովրդի դերակատարությունը կառավարություն ձևավորելու հարցում. Վարդան Պողոսյան
Սահմանադրության փոփոխությունների նախագծով առաջարկվող կառավարման նոր մոդելը` խորհրդարանական համակարգը, ենթադրում է այնպիսի կառավարություն, որը մշտապես վայելում է խորհրդարանի վստահությունը: Եթե կառավարությունը կորցնում է այդ վստահությունը, ապա ԱԺ-ում պատգամավորների բացարձակ մեծամասնությունը կարող է հավանություն տալ մեկ այլ կառավարության օգտին և արդյունքում գործող կառավարությունը հրաժարական է տալիս: Այսօր Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման ժամանակ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ներկայացնելիս հայտարարեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը:
Նրա խոսքով, խորհրդարանական համակարգը հնարավորություն է տալիս, որպեսզի երկիրը ճկուն ձևով արձագանքի այն մարտահրավերներին, որոնք տեղի են ունենում երկրի ներքին քաղաքական կյանքում:
«Կիսանախագահական կառավարման թերություններից մեկն այն էր, որ եթե հանրապետության նախագահը նաև խորհրդարանի մեծամասնության ղեկավարն էր, ապա նման իշխանական համակարգում հնարավոր չէր թեկուզ տեսականորեն Սահմանադրության ոգուն և տառին համապատասխան որևէ փոփոխություն կատարել, քանի դեռ նախագահի լիազորություննները չէին դադարել: Իմպիչմենտը կարելի է լուծում համարել, բայց դա քրեաիրավական հարթության մեջ լուծում է ենթադրում: Իսկ ահա պառլամենտական համակարգը հնարավորություն է տալիս, որ անհրաժեշտության պարագայում կառավարությունը փոխվի և համահունչ լինի տվյալ պահին հասարակությունում տիրող կարծիքներին ու տրամադրություններին», -հավելեց Պողոսյանը:
Ներկայացնելով խորհրդարանական համակարգի թերությունները, սահմանադրագետը նկատեց, որ խորհրդարանական համակարգը խոցելի է այն առումով, որ կարող է ստեղծել անկայունություն, օրինակ` կառավարության հաճախ փոփոխությամբ կամ խորհրդարանում կայուն մեծամասնություն չձևավոևելով: Բայց, բանախոսի խոսքով, Սահմանադրության փոփոխությունների նախագիծը լուծում գտել է:
«Սահմանադրության նախագիծը առաջարկել է մի յուրօրինակ ընտրական համակարգ, որը հնարավորություն կտա ձևավորել կայուն մեծամասնություն, ուժեղացնելու է ժողովրդի դերակատարությունը կառավարություն ձևավորելու հարցում: Ժողովուրդը իր քվեարկությամբ կարող է որոշել, թե ով է լինելու գործադիր իշխանության ղեկավարը», -հայտարարեց Պողոսյանը:
Նախորդող հրապարակում`
Ներկայացված է ոչ թե նոր, այլ Սահմանադրության փոփոխված նախագիծ