«Արմենիա» ԲԿ-ում հնչել են կրակոցներ, հիվանդը հարձակվել է բժշկի վրա
«Արմենիա» բժշկական կենտրոնում սեպտեմբերի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել. հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում պառկած հիվանդներից մեկը արթնանալուն պես հարձակվել է բուժաշխատողների վրա, բռնություն կիրառել նյարդաբույժ, 27-ամյա Արթուր Պատվականյանի նկատմամբ՝ հարվածելով քունքին, ձախ այտին: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրին «Արմենիա» բժշկական կենտրոնից:
Կենտրոնից տեղեկացրին, որ բժիշկը որևէ վնասվածք չի ստացել:
Shamshyan.com-ը, դեպքից մանրամասներ է ներկայացնում, տեղեկացնելով, որ բժշկի նկատմամբ կատարված հարձակման պահին բժիշկներին օգնության են հասել ծառայություն իրականացնող պետական պահպանության գլխավոր վարչության Մաշտոցի պահպանության բաժնի ոստիկան, 23-ամյա Վան Սիմոնյանը: Այդ ժամանակ հիվանդը ձեռքին եղած մետաղյա ձողով հարձակվում և հարվածներ է հասցնում ոստիկանին՝ նրան նույնպես պատճառելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ըստ աղբյուրի, ոստիկանն այդ ժամանակ նախազգուշական կրակոց է արձակել, որը չի ազդել, և հիվանդը չի սթափվել, ու ոստիկանը ստիպված է եղել հրազենով մարմնական վնասվածք պատճառել հիվանդին: