Ցմահ 8 դատապարտյալների պատժի կրման տեսակը փոխվել է
Ցմահ ազատազրկման դատապարտված 8 անձանց պատժի կրման տեսակը փոխվել է. ցմահ ազատազրկված 8 դատապարտյալի պատժի կրման տեսակն այս տարի փակից փոխվել է կիսափակի: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը:
Տեղեկացրեց նաև, որ 8 ցմահներ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել են այլ քրեակատարողական հիմնարկ: Նախորդ տարի նույնպես պատժի կրման տիպի փոփոխություն էր իրականացվել չորս ցմահ դատապարտվածի նկատմամբ:
Դատապարտյալների անունները չեն հրապարակվում` ելնելով անձի գաղտնիության իրավունքի պահպանման սկզբունքից:
Նշենք, որ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 105 և 106 հոդվածների համաձայն՝ կիսափակ ուղղիչ հիմնարկում դատապարտյալը պահվում է մինչև վեց մարդու համար նախատեսված մեկուսացված խցում։ Կիսափակ ուղղիչ հիմնարկում դատապարտյալը կարող է տեղաշարժվել առնվազն երեք ժամ տևողությամբ ցերեկային որոշակի ժամերին՝ ուղղիչ հիմնարկի` այդ նպատակով նախատեսված տարածքի սահմաններում։
Կիսափակ ուղղիչ հիմնարկում դատապարտյալին պահելու պայմանների առանձնահատկությունները սահմանվում են ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով:
Փակ ուղղիչ հիմնարկում դատապարտյալը պահվում է մինչև չորս մարդու համար նախատեսված մեկուսացված խցում։ Հիմնարկի պետի պատճառաբանված որոշմամբ դատապարտյալը կարող է խցում պահվել միայնակ։ Փակ ուղղիչ հիմնարկում դատապարտյալին պահելու պայմանների առանձնահատկությունները սահմանվում են ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով: