Ցմահ դատապարտյալներին վերաբերող նոր նախաձեռնություն՝ Արդարադատության նախարարությունում
Հայաստանի արդարադատության նախարարությունը մշակել և առաջիկա օրերին շրջանառության մեջ կդնի իրավական ակտի նախագիծ, որով նախատեսվում է ավելացնել ցմահ ազատազրկման դատապարտված անձանց տեսակցությունների թիվը: Այս մասին Panorama.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, հավելելով, որ նախարարությունում կան նաև մի շարք այլ նախագծեր, որոնք ներկայումս մշակման փուլում են:
Ինչ վերաբերում է դատապարտյալներին բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնություն տրամադրելու հարցի կանոնակարգմանը, ապա Արդարադատության նախարարությունից հայտնեցին, որ «Կալանավորված անձանց և դատապարտյալների բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից օգտվելու և այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշմամբ չկարգավորվող կամ ոչ հստակ կարգավորվող դրույթների կանոնակարգումն ու ամրագրումն ապահովելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է ՀՀ կառավարության որոշման համապատասխան նախագիծ, որը շրջանառության մեջ է և շահագրգրիռ մարմինների կարծիքները ստանալուց ու դրանք ամփոփելուց հետո կներկայացվի հանրային քննարկման:
Միաժամանակ,տեղեկացնում են, որ Եվրոպայի խորհուրդը, ՀՀ արդարադատության նախարարության հետ համատեղ, իրականացնում է «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագիրը, որը նպատակ է հետապնդում բարելավել Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում առողջապահական ոլորտի հետ կապված իրավական հիմքերը և ինստիտուցիոնալ շրջանակը:
Հարակից հրապարակում`
Ցմահ 8 դատապարտյալների պատժի կրման տեսակը փոխվել է