Արդարադատության նախարարությունը աշխատում է ցմահ դատապարտյալների հետ, որ դադարեցնեն հացադուլը
Արդարադատության նախարարության ՔԿՎ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի սոցիալ-հոգեբանական և իրավական բաժնի աշխատակիցները ներկայում զրուցում են հացադուլ հայտարարած դատապարտյալների հետ` փորձելով նպաստել հացադուլի դադարեցմանը, ինչպես նաև հետագա ծայրահեղ քայլերից ու գործողություններից զերծ մնալուն: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը՝ հաստատելով տեղեկությունը, որ պատժաչափերը վերանայելու պահանջով 45 ցմահ դատապարտյալ հոկտեմբերի 12-ին անժամկետ հացադուլ է հայտարարել:
Անդրադառնալով ցմահ ազատազրկված դատապարտյալների կողմից պարբերաբար բարձրացվող խնդիրներին, Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ Արդարադատության նախարարությունը գործուն քայլեր է ձեռնարկում դրանց լուծման ուղղությամբ:
Մասնավորապես, 8 ցմահ դատապարտյալների պատժի կրման տեսակն այս տարի փակից փոխվել է կիսափակի, մեկ դատապարտյալի գործն ընթացքի մեջ է: Նախորդ տարի նույնպես պատժի կրման տիպի փոփոխություն էր իրականացվել 4 ցմահ դատապարտվածի նկատմամբ:
«Արդարադատության նախարարությունը վերջերս մշակել և առաջիկա օրերին շրջանառության մեջ կդնի իրավական ակտի մի նախագիծ, որով նախատեսվում է ավելացնել ցմահ ազատազրկման դատապարտված անձանց տեսակցությունների թիվը: Բացի այդ, ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշմամբ չկարգավորվող կամ ոչ հստակ կարգավորվող դրույթների կանոնակարգումն ու ամրագրումն ապահովելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է նաև ՀՀ կառավարության որոշման համապատասխան նախագիծ, որը շրջանառության մեջ է և շահագրգրիռ մարմինների կարծիքները ստանալուց և դրանք ամփոփելուց հետո կներկայացվի հանրային քննարկման»,- ասաց Լուսինե Մարտիրոսյանը՝ հավելելով, որ նախարարությունում առկա են նաև մի շարք այլ նախագծեր, որոնք ներկայում մշակման փուլում են:
Նա նաև տեղեկացրեց, որ 2015 թվականի հոկտեմբերի 8-ի նիստում միջգերատեսչական բժշկական հանձնաժողովը ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանին պատժի հետագա կրումից ազատելու վերաբերյալ դրական եզրակացություն է տվել. եզրակացությունն ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Թեմային առնչվող հրապարակումներ՝
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 45 ցմահ դատապարտյալ հացադուլ է հայտարարել
Ցմահ դատապարտյալներին վերաբերող նոր նախաձեռնություն՝ Արդարադատության նախարարությունում
Ցմահ 8 դատապարտյալների պատժի կրման տեսակը փոխվել է