Ցմահ դատապարտյալների հացադուլը անհետևանք չի մնա. Քննարկում
Հայաստանում կան ցմահ դատապարտյալներ, ովքեր հատել են 20 տարվա շեմը և որևէ անգամ սահմանված կարգը չեն խախտել, չարամիտ խախտողներ չեն, բայց նրանց նկատմամբ գործող օրենքը չի աշխատում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի փորձագետ Հայկ Թադևոսյանը:
«Հայաստանի օրենսդրությամբ այնպես է, որ եթե դատապարտյալը չարամիտ խախտող չէ և 20 տարի գտնվում է անզատության մեջ, ապա վաղակետ ազատ արձակման հանձնաժողովը նրա գործը կարող է ուսումնասիրել, քննել և գոնե ռեժիմի փոփոխություն իրականացնել», -ասաց Թադևոսյանը` նկատելով, որ ցանկալի կլիներ, որ այդ 20 տարվա շեմը նվազեցվեր և ցմահ դատապարտյալները ավելի շուտ դիմեին հանձնաժողովին ռեժիմի փոփոխության հարցով:
Թադևոսյանի խոսքով, ոչ մի երկրում իդեալական դատական համակարգ գոյություն չունի, և սխալներ, բնականաբար լինում են:
«Իսկ Հայաստանում, եթե ուսումնասիրում ենք առկա իրավիճակը, ստացվում է, որ դատական համակարգը իդեալական է գործում, որովհետև այսքան ժամանակ որևէ գործ նոր երևան եկած հանգամանքով չի վերաբացվել, չի ուսումնասիրվել»,-նկատեց բանախոսը:
Հարցին, թե այդուհանդերձ, ինչու չեն վերանայվում ցմահ դատապարտյալների քրեական գործերը, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը պատասխանեց, որ գործերի վերանայումը նշանակում է սխալների, կեղծիքի բացահայտում, իսկ նման պատասխանատվություն համակարգը իր վրա չի վերցնի:
«Եթե վերանայեն, դա նշանակում է, որ ժամանակին սխալների հետևանքով կեղծիք թույլ տված անձանց պատասխանատվություն, նորից գլխացավանք, նորից աղմուկ, ամեն դեպքում պատասխանատվության մեծ խնդրի առաջ են կանգնում և չեն ցանկանում քաղաքական մեծ պատասխանատվություն վերցնել»:
Բացի այդ, քրեական գործերով իրեղեն ապացույցները այժմ ոչնչացվում են, ինչը նույնպես բարդացնում է գործը վերանայելու հնարավորությունը: Նշենք, որ նոր մշակվող քրեական օրենսգրքով ապացույցները կպահպանվեն:
Ինչ վերաբերում է իրենց գործերը վերանայելու պահանջով ցմահ դատապարտյալների հայտարարած հացադուլին, որը տևեց 4 օր, Ռևազյանի խոսքով, նրանք մեկ-երկու գործողություններով ակնկալվող արդյունքի չեն կարող հասնել. «Բայց համառ աշխատանքի արդյունքում գտնում եմ, որ դա լավ տարբերակ է: Բայց դա անհետևանք չի մնա»:
Նա ասաց, որ դիտորդների խումբը հանդիպում է ազատազրկվածներին, լսում նրանց խնդիրները և շուտով պատրաստվում են Արդարադատության նախարարությանը մի քանի առաջարկ ներկայացնել` մասնավորապես, փոփոխել ռեժիմները, բարելավեն խցային պայմանները, քանի որ մի փոքր խցում 4-5 դատապարտյալ է ապրում:
Առնչվող հրապարակումներ`
Փաշինյանն այցելել է հացադուլի մեջ գտնվող 55 ցմահ դատապարտյալներին
Սուրեն Քրմոյան. Ցմահ դատապարտյալների վիճակի բարելավմանն ուղղված օրինագիծը շրջանառության մեջ է
50 ցմահ դատապարտյալ շարունակում է հացադուլը
Արդարադատության նախարարությունը աշխատում է ցմահ դատապարտյալների հետ, որ դադարեցնեն հացադուլը
ԱՆ փոխնախարարը այցելել է ցմահ դատապարտյալներին ու հորդորել դադարեցնել հացադուլը
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 45 ցմահ դատապարտյալ հացադուլ է հայտարարել
Ցմահ դատապարտյալները դադարեցրել են հացադուլը