Զարուհի Մեջլումյան. Հնարավոր դատական սխալներին անդրադառնալու կամք չկա
Ցմահ ազատազրկվածները մարդիկ են, ովքեր տեսնում են ոչ միայն խնդիրները, այլև դրանց լուծման մեխանիզմները: Այսօր «Մեդիա կենտրոն»-ում «Ցմահ ազատազրկվածների պահանջը. դատական գործերի վերաբացման հնարավորություններն ու խնդիրները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց հետաքննող լրագրող Զարուհի Մեջլումյանը:
«Տարիներ շարունակ նրանք բարձրացնում են խնդիրները՝ դատական հնարավոր սխալներից մինչև գործերի անհատական վերանայման ստեղծում: Այդ հնարավորություններն այսօր էլ կան: Ես ցավում եմ, որ այսօր պետական սեկտորից մասնակիցներ չկան, որոնք կներկայացնեին, թե ինչպես են տեսնում նրանց բարձրացրած խնդիրների լուծումները»,-ասաց Մեջլումյանը:
«Մեդիա Կենտրոն»-ի ներկայացուցիչն ասաց, որ քննարկմանը մասնակցելու հրավեր է ուղարկվել նաև Դատական դեպարտամենտ, Արդարադատության նախարարություն, Դատախազություն և ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով:
«Ցավոք, այս բոլոր պետական կառույցներից ոչ մեկը ցանկություն չհայտնեց այս քննարկմանը մասնակցել»,-ասաց կենտրոնի համակարգողը:
Հետաքննող լրագրողի խոսքով, արդեն չորրորդ տարին է, ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել մի օրինագիծ, որը նախատեսում է ռեժիմների փոփոխության հնարավորություն՝ 15 տարի անց անցում կիսափակ ռեժիմի, 18 տարի անց՝ անցում կիսաբաց ռեժիմի:
«Եթե օրինագիծն օրենքի ուժ ստանար ժամանակին, այսօր արդեն 50 դատապարտյալներ կգտնվեին կիսաբաց ու կիսափակ ռեժիմներում»,-նշեց նա:
Զ. Մեջլումյանը նկատեց, որ Հայաստանը մեկ շնչին բաժին ընկնող ցմահ ազատազրկվածների թվով եվրոպական երկրների թվում առաջատարներից է. «Օրինակ, Բոսնիայում նրանք երկուսն են, դատապարտվել են մարդկության դեմ հանցագործությունների համար»:
Լրագրողն ասաց, որ հարցի շուրջ քննարկումներ եղել են արդարադատության նախկին նախարարների հետ, սակայն որևէ լուծում չի տրվել. «Ասում են, մենք նոր օրինագիծ ենք մշակել: Ի՞նչ երաշխիք, որ այս նոր օրինագծերը, որ նոր-նոր մշակվում են, չեն գնալու ու ԱԺ դարակներում չեն փոշոտվելու ևս չորս տարի: Ես գնահատում եմ, որ հին գործերին ու հնարավոր դատական սխալներին անդրադառնալու կամք չկա: Ես պատասխանատու կերպով հայտարարում եմ, մեր բանտերում կան անմեղ մարդիկ, աշխարհի շատ զարգացած երկրներում կան դատական սխալներ, միայն ԱՄՆ-ում 338 անձ 20 տարի անց արդարացվեց»:
Քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամ Ռոբերտ Ռևազյանն էլ համամիտ է. «Որպեսզի գործը վերաբացվի, առաջին հերթին պետք է քաղաքական կամք: Տարածված տեսակետ է, վատ օրենք ունենալով հանդերձ կարելի է ունենալ լավ արդարադատություն և հակառակը: Իհարկե, լավ օրենք ունենալը կարևոր նշանակություն ունի, բայց առավել կարևոր է կամք ունենալը»:
Ի պատասխան հարցին, թե ինչու չեն ցանկանում վերաբացել գործերը, Ռևազյանը կարծիք հայտնեց. «Այդ դեպքում պետք է փնտրել իրական հանցագործներին, գործը կոծկողներին, պետք է պատասխանատվության ենթարկել ակնհայտ կեղծիքներ սարքած անձանց, պետք է պատրաստ լինեն հրապարակային դատաքննությունների, բողոքարկումների, մեծ աղմուկների: Այս ամենը շատ մեծ պատասխանատվություն է, որը չեն ստանձնում: Խնդիրը դրա մեջ է»:
Ցմահ ազատազրկված Արթուր Քոչարյանի մայրը Ֆենյա Քոչարյանը հույս հայտնեց, որ կառավարության առաջիկա նիստում կքննարկվի հարցը, այլապես 53 դատապարտյալները կշարունակեն իրենց հացադուլը:
Ցմահ ազատազրկվածների պահանջի վերաբերյալ այլ հրապարակումներ՝
Ցմահ դատապարտյալների հացադուլը անհետևանք չի մնա. Քննարկում
Փաշինյանն այցելել է հացադուլի մեջ գտնվող 55 ցմահ դատապարտյալներին
Սուրեն Քրմոյան. Ցմահ դատապարտյալների վիճակի բարելավմանն ուղղված օրինագիծը շրջանառության մեջ է
50 ցմահ դատապարտյալ շարունակում է հացադուլը
Արդարադատության նախարարությունը աշխատում է ցմահ դատապարտյալների հետ, որ դադարեցնեն հացադուլը
ԱՆ փոխնախարարը այցելել է ցմահ դատապարտյալներին ու հորդորել դադարեցնել հացադուլը
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 45 ցմահ դատապարտյալ հացադուլ է հայտարարել
Ցմահ դատապարտյալները դադարեցրել են հացադուլը