Մանկապարտեզների գերբեռնվածության խնդրով ՄԻՊ աշխատակազմը քննություն կսկսի
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մանկապարտեզներում խմբերի գերբեռնվածության վերաբերյալ Panorama.am-ի հրապարակման կապակցությամբ պատրաստվում է քննություն իրականացնել:
«Այս դեպքի կապակցությամբ, պատրաստվում ենք սեփական նախաձեռնությամբ սկսել գործի քննություն և հարցումներ կատարելով իրավասու պետական մարմիններից՝ հասկանալ իրողությունը»,-Panorama.am-ին հայտնեց ՄԻՊ աշխատակազմի խոցելի խմբերի պաշտպանության և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության վարչության պետ Աիդա Մուրադյանը:
Հիշեցնենք, որ խմբագրությունը մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում ապրող ծնողներից դժգոհություններ էր ստացել խմբերում երեխաների` նորմայից շատ լինելու կապակցությամբ: Երևանում կան նույնիսկ մանկապարտեզներ, որտեղ երեխաները մահճակալների թվի պակասի հետևանքով չեն քնում կամ մի մահճակալին 2 երեխա է քնում:
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչը առկա իրավիճակը բնութագրում է որպես լուրջ խնդիր:
«Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի համաձայն երեխա ունի հանգստի և ժամանացի, իր տարիքին համապատասխան խաղերին և միջոցառումներին ազատորեն մասնակցելու իրավունք, բայց այդ իրավունքի իրականացման ապահովումը այսօր դրված է մեծ հարցականի տակ:
Այն, որ երեխաների խնամքի հաստատություններում գերծանրաբեռնվածություն կա, փաստ է: Եթե խմբերում նախատեսված 30-ի փոխարեն 40 երեխա կա, բնական է որ խնամքի որակը տուժելու է: Սա, բավականին լուրջ խնդիր է, որը պետք է իրավասու պետական մարմինների ուշադրության կետրոնում լինի»,-ասաց Ա. Մուրադյանը:
Նշենք, որ քաղաքապետարանի հանրակրթության վարչությանն ուղղված մեր գրավոր հարցմանն ի պատասխան, նշեցին, թե քաղաքապետարանում խնդրին տեղյակ են ու գերբեռնված մանկապարտեզների խմբերը բեռնաթափման նպատակով տարվում են համապատասխան աշխատանքներ` միաժամանակ չհստակեցնելով, թե երբ դրանց արդյունքներին ականատես կլինենք: ՄԻՊ աշխատակազմի վարչության պետն էլ այն կարծիքին է, որ բեռնաթափմանն ուղղված հստակ մշակված քաղաքականություն չկա:
«Պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների կանխարգելման խորդուրդը հաճախ է այցելում փակ և կիսափակ տիպի հաստատություններ, այդ թվում մանկապարտեզներ և երեխաների խնամք իրականացնող այլ հաստատություններ և ի թիվս այլ խնդիրների, բազմիցս անդրադարձ է կատարել նաև գերծանրաբեռնվածության խնդրին: Ցավոք, չկա բեռնաթափմանն ուղղված հստակ մշակված քաղաքականություն: Սա մի խնդիր է, որի մասին Պաշտպանի գրասենյակը նշել է նաև ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների կոմիտեին ներկայացված այլընտրանքային զեկույցում»,-ասաց Աիդա Մուրադյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան