Ինչո՞վ եք զբաղված այստեղ. ՍԴ անդամը` Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցչին
Հայաստանի նախագահի ընտրություններում տեղի ունեցած խախտումները զանգվածային ու կրկնվող բնույթ են կրել: Այսօր Սահմանադրական դատարանում ներկայացնելով Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի` ընտրություններն անվավեր ճանաչելու մասին դիմումը, հայտարարեց Հովհաննիսյանի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը:
Նա վկայակոչելով Սահմանադրության համապատասխան հոդվածները, նկատեց, որ ՍԴ-ն պետք է պարզի, արդյոք նախագահի ընտրություններն անցել են ազատ ու արդար, չբռնանալով ընտրողների կամքի վրա: «Րաֆֆի Հովհաննիսյանը գտնում է, որ ընտրությունների քվեարկության օրը խախտվել է ազատության այդ սկզբունքը և ճնշումներ են գործադրվել մարդկանց նկատմամբ», -հավելեց Մեժլումյանը` չմատնանշելով որևէ կոնկրետ փաստ:
Նա կարդալով ՍԴ ներկայացված դիմումը, հայտարարեց, որ քվեարկությանը մասնակցել է «անոմալ քանակությամբ մարդ, քան կան Հայաստանում»: «Հարյուրավոր են եղել այն ընտրատեղամասերը, որտեղ մասնակցության ցուցանիշը գրանցվել է մինչև 90 տոկոս», -հայտարարեց Մեժլումյանը:
Ներկայացնելով ՍԴ-ին ներկայացրած դիմումը, փաստաբանն ասաց, որ թեկնածու Սերժ Սարգսյանը 1600 շտաբներ է ունեցել, որոնք եղել են բնակավայրերի կենտրոնական հատվածներում ու քարոզչական նպատակներով են ծառայել: Նա ասաց, որ այդ խնդրին է անդրադարձել նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը ու նշել, որ դա հակասում է Ընտրական օրենսգրքին: Ի դեպ, Կարեն Մեժլումյանի ելույթի մի մեծ հատված վերաբերում էր Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբների ու դրանց ծախսերին, որի վերաբերյալ Վարչական դատարանը արդեն իսկ մարտի 4-ին որոշում կայացրել է:
Դա նկատի ունենալով ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը հետաքրքրվեց, թե եթե այդ հարցի վերաբերյալ Վարչական դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել, որը վերջնական է, ապա ինչո՞ւ է պարոն Մեժլումյանը այդ հարցին անդրադառնում ՍԴ-ում: «Կներեք, բայց ինչո՞վ եք զբաղված այստեղ, չէ՞ որ Սահմանադրական դատարանը վարչական դատարանի որոշումների հետ կապ չունի», -հարցրեց Թոխյանը: Կարեն Մեժլումյանը ՍԴ անդամի հարցին որևէ կոնկրետ պատասխան չտվեց:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան