Երթուղային տրանսպորտի վարորդ. ուղեվարձը կարող է դառնալ 150 դրամ
«Մեզ արդեն զգուշացրել են, որ հուլիսի 1-ից տրանսպորտի ուղեվարձը կարող է դառնալ 150 դրամ», - անդրադառնալով երթուղային տրանսպորտի հնարավոր թանկացման մասին խոսակցություններին ասաց երթուղու վարորդներից մեկը` խնդրելով չհրապարակել իր անունը: Նման թանկացումը նա բացատրեց մանրադրամ տրամադրելու անհարմարության հետ:
«Մենք չենք կարող պարկերով մանրադրամ հետներս տանել: Բացի այդ, պատկերացրեք ինքներդ, թե ինչ խցանումներ կլինեն, եթե ամեն մի կանգառում երթուղայինի վարորդը սկսի մանրադրամ հաշվել ու վերադարձնել: Դա անհնար է: Մեզ էլ արդեն նախազգուշացրել են ուղեվարձի թանկացնելու մասին», - ասաց մեր զրուցակիցը:
Հարցին, թե որքանով դա կանդրադառնա բնակչության վրա, վարորդն ասաց. «Մենք ի՞նչ մեղք ունենք: Գազի գինը թանկացել է, իսկ մենք անում ենք այն, ինչ ասվում է գծի ղեկավարության կողմից: Իհարկե, մարդկանց դժվար կլինի , բայց ինչ արած»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հայտարարել էր, որ եթե տրանսպորտի ուղեվարձը թանկանա, «կփորձենք ամեն ինչ անել, որ գոնե շատ չնչին չափով լինի այդ թանկացումը»: Նա վստահեցրել էրր, թե ներկայումս հաշվարկներ են անում, այն ամփոփելուց հետո ավելի ռեալ, կոնկրետ հանրությանը կներկայացնեն: