«Բերքառատ» «Ոսկե ծիրանը». Մեկ շաբաթ անընդմեջ՝ կինոյով «թաթախված»
Վաղը 10-րդ անգամ մեկնարկելու է «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը, կինոփառատոն, որն այս տասը տարիների ընթացքում հաստատուն քայլերով առաջ է գնացել, կարողացել է Հայաստան «բերել» համաշխարհային կինոարվեստի, ոլորտի հայտնի ներկայացուցիչների:
Փառատոնին անհամբեր սպասում են երևանցիները, քանի որ, ինչպես նշեցին շատերը, «այն հնարավորություն է ընձեռում դիտել համաշխարհային համբավ ունեցող ռեժիսորների ֆիլմեր, տարբեր հհեղինակավոր կինոփառատոներում ցուցադրված ու մրցանակի արժանացած ժապավեններ»:
Եվ այսպես:
Արդեն ավանդույթ է դարձել, նախքան փառատոնի մեկնարկեը հյուրերը նախ Երևանի Սբ. Զորավոր եկեղեցում կմասնակցեն ծիրանօրհնեքի արարողությանը: Այնուհետև Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կբացվի մեծ շանսոնյեին նվիրված աստղ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա բացման հանդիսավոր արարողությունը:
10-րդ հոբելյանական կինոփառատոնը կպահպանի ավանդույթ դարձած «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» և «Հարգանքի տուրք» արտամրցութային ծրագրերը: Այս տարի կներկայացվի նաև «Վրացական կինո», «Քույր փառատոներ», «Հայեր. Հայացք ներսից և դրսից» հատուկ ծրագրերը:
«Երևանյան պրեմիերաներ» ծրագրում ընդգրկված են Յոս Ստելինգի «Աղջիկը և մահը», Բորիս Խլեբնիկովի «Քանի դեռ գիշերը չի բաժանել մեզ», Մարգարեթե ֆոն Տրոտայի «Հաննա Արենդտ», Ուլրիխ Զայդլի «Դրախտ…» եռերգությունը, Փոլ Քուրդիի «Սիրելու իրավունք» ֆիլմերը: Տեղեկացնենք, որ Յոս Ստելինգը, Մարգարեթե ֆոն Տրոտան, Փոլ Քուրդին անձամբ ներկա կլինեն փառատոնին որպես պատվավոր հյուրեր, և իրենք կներկայացնեն իրենց ֆիլմերը:
Հետահայաց ցուցադրությունների ծրագրում կներկայացվեն Շառլ Ազնավուրի, Սթիվեն Ֆրիրզի, Իշտվան Սաբոյի, Պիետրո Մարչելլոյի, Ռեզո Չխեիձեի ֆիլմերը: Կից ներկայացված են ֆիլմերի ցանկը և ռեժիսորների մասին հակիրճ տեղեկատվություն:
«Հարգանքի տուրք» ծրագրում կնշվեն աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի, Արտավազդ Փելեշյանի և Ներսես Հովհաննիսյանի հոբելյանները: Նախատեսվում են նաև հետահայաց ցուցադրություններ: Ա. Փելեշյանին հանձնվելու է նաև Հայ Առաքելական եկեղեցու սահմանած «Եղիցի լույս» մրցանակը:
Այս տարի նույնպես կինոփառատոնի մրցութային չորս անվանակարգեր են լինելու՝ Խաղարկային, Վավերագրական, Հայկական համայնապատկեր և «Կորիզ» (կարճամետրաժ ֆիլմերի): «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի ծրագրի ղեկավարն է կինոռեժիսոր Արամ Շահբազյանը, «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրի ղեկավարը կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը, «Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթի» ժյուրին կգլխավորի հունգարացի ականավոր կինոռեժիսոր, համաշխարհային կինոյի դասական` Իշտվան Սաբոն, իսկ «Վավերագրական ֆիլմերի միջազգային մրցույթի» ժյուրին կգլխավորի 2012թ.-ի «Ոսկե ծիրանի» դափնեկիր, նշանավոր կինոռեժիսոր Սերգեյ Լոզնիցան: Փառատոնի օրերին կաշխատեն նաև Կինոգետների և կինոքննադատների միջազգային ֆեդերացիան (ՖԻՊՐԵՍՍԻ) և Էկումենիկ ժյուրին:
Փառատոնի ընթացքում ընդհանուր առմամբ ներկայացվելու է 200 ֆիլմ՝ որից շուրջ 90-ը՝ մրցութային ծրագրում: «Ոսկե ծիրանի» կինոփառատոնը փակվելու է Սերժ Ավեդիքյանի և Ալյոնա Ֆետիսովայի «Փարաջանով» ֆիլմով:
Ֆիլմերը ցուցադրվելու են «Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոններում, Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում, Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն-ստուդիայում, կլինեն նաև բացօթյա ցուցադրություններ՝ «Պողոսյան» պարտեզներում:
Փառատոնի ընթացքում անցկացվելու է նաև մի շարք նախագծեր՝ Ռեժիսորներ առանց սահմանների (ՌԱՍ) նախագիծը, Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը, «Ֆիլմեր առանց սահմանների» նախագիծ և այլն: Անցկացվելու են Վարպետության դասեր:
Կինոփառատոնի ծրագրերի առառությունից պարզ է դառնում, որ «Ոսկե ծիրան» երևանյան 10-րդ միջազգային կինոփառատոնը առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում իր «առատ բերքով» կհամեմի երևանցիների առօրյան:
Նախորդող նորություններ՝ «Ոսկե ծիրան». «ԱՊՀ երկրների կինո» ծրագիր և «Վրացական կինոյի շաբաթ»
«Ոսկե ծիրան». «Եղիցի լույս» մրցանակը տրվելու է Արտավազդ Փելեշյանին
Փելեշյանն ու Ազնավուրը ժամանել են Հայաստան
Բրիտանական խորհուրդը սահմանել է հատուկ մրցանակ «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի շրջանակում
«Ոսկե ծիրան». Հայաստան-Թուրքիա աշխատաժողովին մասնակցելու և մրցելու է 10 կինոնախագիծ
«Ոսկե ծիրան». ՀՀ-ում օտարերկրյա դեսպանատների աջակցությամբ են իրականացվում որոշ ծրագրեր
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի մրցութային ծրագրում ընդգրկվել է շուրջ 90 ֆիլմ
Հոբելյանական «Ոսկե ծիրան» կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 7- 14-ը. «Փառատոնի հանդեպ
հետաքրքրությունը տարեցտարի մեծանում է»
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին