«Արթիկ» ՔԿՀ-ում ջրադուլ հայտարարած դատապարտյալին գայթակղել են ջերմուկի շշերով. ՄԻՊ միջանկյալ զեկույց
Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում հացադուլ հայտարարած անձինք գերբնակեցման խնդրի պատճառով առանձնացվում և պահվում են պատժախցերում: Նրանց պահման պայմանները, ինչպես բոլոր ազատազրկվածներինը, շարունակում են նույնը մնալ: Այդ մասին Panorama.am-ը տեղեկանում է Մարդու իրավունքների պաշտպանի` որպես ազգային կանխարգելման մեխանիզմ, հրապարակած 2013 թվականի միջանկյալ զեկույցից:
Հացադուլ հայտարարած ազատազրկվածները, ըստ զեկույցի, ապրում են 15-17քմ տարածքով, չվերանորոգված և կիսախոնավ սենյակում, որը ջեռուցվում է մեկ էլեկտրական սալիկի միջոցով։ «Նման պրակտիկան անընդունելի է, քանի որ դրա արդյունքում, հացադուլ հայտարարած անձն, ով արտահայտում է իր բողոքը, փաստացի հավասարեցվում է այն անձանց, որոնց նկատմամբ հիմնարկի վարչակազմի կողմից տույժ է կիրառվել: Բացի այդ, պատժախցերում առկա պայմանները հանգեցնում են կամ կարող են հանգեցնել այնտեղ պահվող անձանց առողջական վիճակի վատթարացման, ինչի արդյունքում խախտվում է վերջիններիս՝ առողջությանը և բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում ապրելու սահմանադրական իրավունքը, -ասվում է Պաշտպանի միջանկյալ զեկույցում:
Նշվում է, որ ազատազրկված անձինք քնում են նույն փայտյա մահճակալների վրա, արձանագրվել են նաև դեպքեր, երբ հացադուլ հայտարարած անձինք չեն մեկուսացվել և պահվել են ընդհանուր խցերում, որտեղ նրանք ականատես են եղել այլ բանտարկյալների սնվելու գործընթացին: Զեկույցը եզրակացնում է, որ այսպիսի վերաբերմունքն, ըստ էության, հանդիսանում է հոգեբանական լուրջ ճնշման միջոց:
Պարզել են նաև, որ շարունակում է չլուծված մնալ նաև հացադուլ հայտարարած ազատազրկվածների նկատմամբ ամենօրյա անհրաժեշտ բժշկական հսկողության ապահովման խնդիրը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռևս 2012 թվականին պատիժը կրող տասնյակ անձինք իրենց բողոքը արտահայտելու միջոց ընտրել էին հացադուլը, Պաշտպանն իր զեկույցում խիստ մտահոգիչ է համարում, որ այդ խումբ անձանց իրավունքները և պարտականությունները որևէ իրավական ակտով կարգավորված չեն:
Զեկույցում նաև նշվում է, որ Ազգային կանխարգելման մեխանիզմի շրջանակներում այցելությունների ընթացքում հարցազրույցներ են արվել հացադուլ հայտարարած անձանց հետ, որոնց ընթացքում ծանոթացել է վերիջիններիս հուզող խնդիրներին: Օրինակ, «Արթիկ» ՔԿՀ մեկուսացման խցերում առանձին պահվում էր Ա.Բ.-ն, ով նախ հացադուլ, այնուհետև ջրադուլ էր հայտարարել, այնինչ ջրադուլի դիմումը հիմնարկի վարչակազմի կողմից չէր ընդունվել, մինչդեռ այցելության պահին կալանավորի կողքին 10-ից ավելի շիշ ջերմուկ էր դրված:
«Նշված խնդիրների առկայությունը, հացադուլ հայտարարած անձանց նկատմամբ ոչ միշտ միատեսակ մոտեցման կիրառումը վկայում է խնդրի ոչ հստակ կարգավորված լինելու մասին: Խիստ մտահոգիչ է այն փաստը, որ հացադուլ հայտարարած անձանց իրավունքներն ու պարտականությունները ՀՀ օրենսդրությամբ չեն նախատեսվում և կարգավորվում: Հարկավոր է հաշվի առնել, որ գործնականում ՔԿՀ վարչական կազմը սահմանում է որոշակի պարտականություններ նման անձանց համար, մինչդեռ պարտականություններ անձանց համար, անկախ նրանից՝ նրանք պատիժ են կրում թե ոչ, կարող է սահմանվել միայն օրենքով», -նշվում է միջանկյալ զեկույցում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում